Մերձավոր Արևելքում ճգնաժամի ժամանակաշրջանում ՀՀ-ի հետ հարաբերություններն ավելի կարևոր են դարձել․ Մարթա Կոս
2 րոպեի ընթերցում
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ճգնաժամի ֆոնին Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները և Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ուղղությամբ տարվող աշխատանքներն ավելի կարևոր են դարձել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մարթա Կոսը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ, որում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մարտի 19-ին ունեցած հանդիպմանը։
«Հայաստանն ու ԵՄ-ն երբեք այսքան մոտ չեն եղել։
Մերձավոր Արևելքում ճգնաժամի այս ժամանակաշրջանում մեր հարաբերությունները և Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ուղղությամբ տարվող աշխատանքները դարձել են ավելի կարևոր՝ Ասիայի հետ առևտրային և էներգետիկ կապերի համար»,-իր գրառման մեջ ընդգծել է ԵՄ հանձնակատարը։
Նա նաև մանրամասնել է, որ ՀՀ վարչապետի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են, թե ինչպես կարելի է ավելի լավ կապել Հարավային Կովկասն ու բարգավաճում և տևական խաղաղություն բերել տարածաշրջան։
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Հայաստան է այցելել մարտի 19-ին։ Նա հանդիպումներ է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այցի շրջանակներում հանդիպում է նախատեսված նաև ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ։
ԵՄ հանձնաատարի և ՀՀ փոխվարչապետի միջև կայացած հանդիպմանը ստորագրվել է «Դիմակայունության և աճի» պլանի ներքո 2025–2027 թվականների ֆինանսավորման համաձայնագիրը։