Էրդողանը հեռախոսազրույց է անցկացրել Փեզեշքիանի հետ

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը։

Թուրքիայի նախագահի վարչակազմի հաղորդակցության վարչության տարածած հայտարարության համաձայն՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Իրանի նախագահի նախաձեռնությամբ։

Զրույցի ընթացքում Էրդողանը նշել է, որ անհրաժեշտ է ստեղծել դիվանագիտական գործընթացների զարգացման հնարավորություններ՝ ընդգծելով, որ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։

Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ Իրանի ներքին գործերին միջամտությունները անօրինական է համարում։ Միևնույն ժամանակ Էրդողանը նշել է, որ Իրանի կողմից տարածաշրջանի երկրների նկատմամբ ուղղված գործողությունները որևէ կողմի համար օգտակար չեն և պետք է դադարեցվեն։

Թուրքիայի նախագահը ընդգծել է, որ Թուրքիան տուժում է այն հակամարտություններից, որոնցում անմիջականորեն ներգրավված չէ։ Նրա խոսքով՝ անկախ պատճառներից, Թուրքիայի օդային տարածքի խախտումը չի կարող արդարացվել, և Անկարան կշարունակի ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները նման դեպքերին հակազդելու համար։

Էրդողանը նաև վշտակցություն է հայտնել Մենաբ քաղաքում դպրոցին հասցված հարվածի հետևանքով զոհերի առնչությամբ։

Նա նաև հույս է հայտնել, որ Մոջթաբա Խամենեիի ընտրվելը Իրանի հոգևոր առաջնորդի պաշտոնում կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիայի օդային տարածք հասած հրթիռները չեն արձակվել Իրանի տարածքից։ Նրա խոսքով՝ միջադեպի վերաբերյալ կանցկացվի համակողմանի հետաքննություն։

Հայերեն