Մարտունի քաղաքի թիվ 2 մանկապարտեզը կապիտալ նորոգվում է, կկառուցվի նաև խաղահրապարակ
1 րոպեի ընթերցում

Արդեն մի քանի օր է, ինչ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ընթանում են թիվ 2 մանկապարտեզի կապիտալ նորոգման և հարակից շինությունների կառուցման աշխատանքները։
«Արմենպրես»-ի թղթակցին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից տեղեկացրին, որ մանկապարտեզի կապիտալ նորոգման աշխատանքները կատարվում են ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ 231 միլիոն 178 հազար դրամ պայմանագրային արժեքով, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսվում է շենքի սեյսմիկ ամրացում, նոր տանիքի, ջեռուցման համակարգի, պարսպի, խաղահրապարակի կառուցում, դռների և լուսամուտների տեղադրում, հատակի, սանհանգույցների, ջրամատակարարման ու էներգամատակարարման համակարգերի նորացում, պատերի ներքին ու արտաքին հարդարում, ջերմամեկուսացում, բակային տարածքի բարեկարգում և այլն։
Նախատեսվում է, որ աշխատանքներն ավարտի կհասցվեն 300 օրացուցային օրվա ընթացքում։
Մանկապարտեզն իր գործունեությունն այժմ իրականացնում է Մարտունու բժշկական կենտրոնի նախկին շենքի տարածքում, որտեղ համայնքապետարանի միջոցներով նախադպրոցական կրթության կազմակերպման համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները։