ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը մասնակցել է «OpenAI Education» գագաթաժողովին
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Սան Ֆրանցիսկոյում՝ OpenAI ընկերության կենտրոնակայանում, մասնակցել է «OpenAI Education» գագաթաժողովին։
Միջոցառմանը մասնակցել են այն երկրների ներկայացուցիչներ, որոնք արդեն համագործակցում են OpenAI ընկերության հետ կամ հետաքրքրված են նման համագործակցության հնարավորություններով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանությունից հայտնում են, որ գագաթնաժողովի շրջանակում դեսպան Մկրտչյանը OpenAI-ի ներկայացուցիչների հետ քննարկել է կրթության և արհեստական բանականության ոլորտներում ընկերության և հայկական կողմի միջև հնարավոր համագործակցության հեռանկարները։
Միջոցառման ընթացքում կազմակերպվել է նաև կլոր սեղան քննարկում՝ տարբեր երկրների կրթության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների և համալսարանների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Քննարկման ընթացքում դեսպան Մկրտչյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտեցումներն ու կրթության ոլորտում առկա առաջնահերթությունները։