Մարզեր

Գավառի համայնքային գրադարանում «Թումանյանական շաբաթն» անցել է բովանդակալից միջոցառումներով

2 րոպեի ընթերցում

Գավառի համայնքային գրադարանում «Թումանյանական շաբաթն» անցել է բովանդակալից միջոցառումներով

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի  համայնքային գրադարանում հայտարարված «Թումանյանական շաբաթն» անցել է բազմաբովանդակ միջոցառումներով։

«Արմենպրես»-ի թղթակցին Գավառի համայնքային գրադարանի տնօրեն Սիրանուշ Խանդանյանը տեղեկացրեց, որ հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանին նվիրված  շաբաթը մեկնարկել է  Գավառի պետական բժշկական քոլեջի ուսանողների և դասախոսների այցով  և համատեղ կազմակերպված Թումանյանի ծննդյան 157-ամյակին նվիրված գրական ցերեկույթով ու գրքերի փոխադարձ նվիրատվությամբ։

Շաբաթվա ընթացքում գրադարանում հյուրընկալվել են  նաև Գավառի Ավ․ Իսահակյանի անվան թիվ 4 դպրոցի աշակերտները, որոնք օրը նշանավորվել են  թումանյանական ընթերցումներով։

Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ կազմակերպված խաղ-վիկտորինային մասնակցել են  Գավառի  Հովհաննես Թումանյանի անվան թիվ  3 և Գանձակի թիվ 1 դպրոցի աշակերտները։

Գրադարան են այցելել  նաև Գավառ քաղաքի մանկապարտեզների սաները, որոնց համար  կազմակերպվել են  Թումանյանական հեքիաթների ընթերցումներ ու բեմադրություններ։

Մայրենի լեզվին, գրքատոնին և Ամենայն հայոց բանաստեղծին նվիրված շաբաթն ամփոփվել է «Մայրենիի անաղարտության պահպանումը յուրաքանչյուրի պարտքն է» խորագիրը կրող միջոցառմամբ։ Այն ներկայացրել են  Գավառի պետական բժշկական քոլեջի ուսանողները։

«Հովհաննես Թումանյանին ու Մայրենի լեզվին նվիրված միջոցառումները ևս մեկ անգամ փաստեցին, որ մեր կրթական ու նախակրթական հաստատություններում մեծ սեր ու հետաքրքրվածություն կա Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների, ոսկեղենիկ հայերենով մեզ հասած գրական այլ ստեղծագործությունների նկատմամբ»,-ներկայացրեց գրադարանի տնօրենը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում