Այսօր շատերին անհանգստացնում է, որ աշխարհում անհանգիստ է, իսկ Հայաստանի շուրջ և ՀՀ-ում՝ կասկածելի հանգիստ. Փաշինյան
3 րոպեի ընթերցում

Հայաստանը հասել է մի հանգրվանի, երբ կարողանում է պաշտպանվել փոթորիկներից, կարկուտներից և բազում աշխարհաքաղաքական աղետներից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիվանագետի օրվան նվիրված միջոցառմանը:
«Շատ կարևոր է, որ մենք, նաև դիվանագիտական ծառայությունը պաշտպանի այն ձեռքբերումները, որն այս տարիներին աշխատանքի, այդ թվում՝ ձեր աշխատանքի արդյունքում մենք ունեցել ենք: Շատ կարևոր է, որ գնահատենք այն խաղաղությունը, որը մենք ունենք: Շատ կարևոր է, որ մենք գնահատենք Հայաստանի շուրջ տեղի ունեցող ապաշրջափակումը, որը մենք ունենք»,-ասաց Փաշինյանը՝ դիմելով դիվանագետներին:
Նա ընդգծեց՝ Հայաստանի տնտեսական զարգացումն ավելին է, քան կանխատեսվում է՝ այդ թվում դիվանագիտական գործունեության հաշվին: Վարչապետը կարևորեց այդ ձեռքբերումները պաշտպանել կարողանալը:
«Կարծում եմ, որ մենք իսկապես հասել ենք մի հանգրվանի, երբ կարողանում ենք պաշտպանվել փոթորիկներից, կարկուտներից և բազում աշխարհաքաղաքական աղետներից: Բայց սա էլ մենք չպետք է ընդունենք որպես ինքնին հասանելի մի բան: Սա աշխատանքի արդյունք է, սա հետևողական և գիտակցված աշխատանքի արդյունք է»,-նշեց Փաշինյանը:
Նա նկատեց. «Այսօր շատերին անհանգստացնում է այն, որ աշխարհում անհանգիստ է, Հայաստանի շուրջ և Հայաստանում կասկածելի հանգիստ է: Ես հասկանում եմ նաև անհանգստությունները, որովհետև դա ոչ սովորական իրավիճակ է: Դա մեզ համար սովորական վիճակ չէ, դա կարող է նաև օբյեկտիվ անհանգստություններ առաջացնել: Այն, ինչ մենք տեսնում ենք, իրականությանը համապատասխանում է, բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ դա երաշխավորված չէ: Եվ դրա շարունակականությունը պահանջում է ամենօրյա աշխատանք և առաջին հերթին մեր դիվանագիտական ծառայությունից ու դիվանագետներից»:
Նա համոզված է, որ Հայաստանի դիվանագիտական ծառայությունն ունի այդ կարողությունները՝ իր և ՀՀ-ի ձեռքբերումները խնամելու, պաշտպանելու, պահպանելու ու զարգացնելու: Փաշինյանը համոզված է, որ եթե որևէ նվաճում, որևէ ձեռքբերում հետագա զարգացում չի ստանում՝ ավելի մեծ և ավելի կարևոր մի բան դառնալու ուղղությամբ, անպայման կորցնում է իր ընթացիկ նշանակությունը:
«Եվ ես համոզված եմ, որ մենք այս տրամաբանությամբ էլ կշարժվենք առաջ՝ այն գիտակցությամբ, որ փոփոխվող աշխարհում մենք ինքներս պետք է փոխենք մեր մտահորիզոնի շրջանակն ու ծավալը, պետք է կարողանանք ավելի բարձրից նայել աշխարհին, իսկ ավելի բարձրից նայելու համար մենք պետք է կարողանանք բարձրանալ, իսկ բարձրանալու ճանապարհը կրթությունն է, շարունակական կրթությունը: Մեզնից որևէ մեկը չպետք է մտածի, որ ինքն արդեն գիտի ամեն ինչ»,-եզրափակեց վարչապետը: