Զգուշացե՛ք զեղծարարներից. «Արմենպրես»-ի կայքը նմանակող հարթակը փորձում է օգտատերերին ներքաշել կեղծ ներդրումային սխեմաների մեջ
3 րոպեի ընթերցում
CivilNet-ի փաստերի ստուգման հարթակի նոր ուսումնասիրության համաձայն, սոցցանցերի հայկական տիրույթում ակտիվորեն տարածվում են գրառումներ պնդումով, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և գործարար Գագիկ Ծառուկյանի անունները հայտնվել են ամերիկացի հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի գործով գաղտնի զեկույցներում։ Կայքը նշում է` տեղեկությունը սենսացիոն վերնագրերով տարածվում է Instagram-ում և Facebook-ում գովազդային գրառումների միջոցով` թիրախավորելով հայաստանցի օգտարերերին։
Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ գրառումներին կից հղումները տանում են դեպի կասկածելի կայքեր, որոնք, նմանակելով հայկական լրատվամիջոցներին, փորձում են օգտատերերին ներքաշել կեղծ ներդրումային սխեմաների մեջ։ Մասնավորապես, տարածվող գովազդային գրառումներին կից հղումները տանում են Silvurean[.]com դոմեյնով կայք, որը դիզայնով ու տարբերանշանով նմանակում է «Արմենպրես» պետական լրատվական գործակալության պաշտոնական կայքը։ Այս կեղծ հարթակում հրապարակված է ծավալուն և ամբողջովին հորինված մի հոդված, թե իբր Փաշինյանի անունը տեղ է գտել Էփշտեյնի գաղտնի ֆայլերում։
«Այս կեղծ հոդվածում պնդվում է, թե Նիկոլ Փաշինյանը Էփշտեյնի, Բիլ Գեյթսի և Իլոն Մասկի հետ համատեղ գործարկել է «AI Revenue Boosters» անվանումով ներդրումային հարթակ։ Համաձայն հորինված պատմության՝ այս համակարգը հիմնված է արհեստական բանականության ալգորիթմների վրա և երաշխավորում է աստղաբաշխական եկամուտներ։
Խարդախները իրենց հորինվածքին առավել վստահելի տեսք տալու համար հրապարակել են մի շարք կեղծված փաստաթղթեր», - գրում է CivilNet-ը։
Կայքում բացակայում է որևէ հղում դեպի իրական ներդրումային համակարգ. փոխարենը պահանջվում է հարցաթերթիկում մուտքագրել անձնական տվյալներ և հեռախոսահամար։ Դրանք լրացնելուց հետո զեղծարարները զանգահարում են զոհերին՝ ներկայանալով որպես «ներդրումային խորհրդատուներ»։
«Ուշագրավ է, որ հոդվածի վերջում զետեղված են օտարերկրյա (այդ թվում՝ ադրբեջանական) անուններով օգտատերերի կեղծ մեկնաբանություններ, որոնք իբր արդեն հարստացել են այս ծրագրով։
Meta ընկերության գովազդների գրադարանի տվյալներով՝ այս ապատեղեկատվությունը տարածվում է «Hannahp Guzman Gracet» անվամբ էջի միջոցով։ Էջը ստեղծվել է 2025-ի նոյեմբերի 25-ին և վերջին շրջանում շրջանառել է մոտ 50 ակտիվ գովազդ։ Զեղծարարները նույն սխեման կիրառում են նաև այլ երկրների, օրինակ՝ Բուլղարիայի լսարանի համար՝ օգտագործելով երկրի նախագահ Ռումեն Ռադևի անունը», - հավելում է լրատվամիջոցը։
Հորդորում ենք նմանատիպ կայքեր մտնելիս անպայման ստուգել կայքի հասցեն։ Իրական «Արմենպրես»-ի հասցեն միշտ նույնն է ու անփոփոխ` armenpress.am, ցանկացած այլ հասցեով կայք կեղծիք է։ Հորդորում ենք նաև ոչ մի դեպքում անձնական տվյալներ չտրամադրել կասկածելի հարթակներում։