Մեկնարկել է Եվրոպայի խորհրդի «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագիրը
4 րոպեի ընթերցում

Եվրոպայի խորհուրդը լիովին սատարում է Հայաստանում լրատվամիջոցների բարեփոխումների համապարփակ օրակարգին և ընթացիկ լավարկումներին, որոնք ուղղված են խոսքի ազատության ամրապնդմանն ու ժողովրդավարության դեմ ուղղված սպառնալիքների դեմ պայքարին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Եվրոպայի խորհրդի «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառման ժամանակ հայտարարեց Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն։
«Եվրոպայի խորհրդին անդամակցելուց ի վեր՝ Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել օրենսդրական դաշտը բարելավելու գործում։ Հայաստանը նաև վերահաստատել է իր հավատարմությունը Եվրոպայի խորհրդի պաշտոնական փաստաթղթերին»,-ասաց ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը։
Նրա խոսքով՝ միաժամանակ, ապատեղեկատվության հետ կապված մարտահրավերները շարունակում են խաթարել հանրային տեղեկատվական դաշտը։ Լոնգանգեի բնորոշմամբ՝ մեկնարկող ծրագիրը երկար սպասված է, որը ճիշտ ժամանակին է իրականացվում։
Մաքսիմ Լոնգանգեն նաև հավելեց, որ ԵԽ փաստաթղթերում ամրագրված սկզբունքները կապված են նաև լրատվամիջոցների ազատության ամրապնդման և ընթացիկ դիմակայունության բարձրացման հետ։
«Հայաստանն այս տարի նախապատրաստվում է խորհրդարանական ընտրությունների․ երկիրը, հավանաբար, կդառնա կամ արդեն դարձել է տեղեկատվական մանիպուլյացիայի և այլ հիբրիդային սպառնալիքների համար ավելի գրավիչ թիրախ։ Հայաստանը փորձ ունի նման մարտահրավերների հաղթահարման գործում և ժամանակի ընթացքում այս առումով որոշակի դիմակայունություն է ձեռք բերել։ Որպես Եվրոպայի խորհրդի 25-ամյա անդամ՝ Հայաստանը անկեղծ հավատարմություն է ցուցաբերել ժողովրդավարությանը, մարդու իրավունքների գերակայությանը։ Սրանք վերացական սկզբունքներ չեն, այլ պրակտիկ ստանդարտներ են, որոնք ուղղորդում են քաղաքականություններ, բարեփոխումներ և ինստիտուցիոնալ գործելակերպ»,-ասաց Մաքսիմ Լոնգանգեն։
Նրա խոսքով՝ մեկնարկող այս նոր ծրագիրը կենտրոնանալու է լրատվամիջոցների գրագիտության բարձրացման, տեղեկատվական ամբողջականության պահպանման վրա՝ զարգացնելով լրատվամիջոցների կարողությունները՝ ընտրությունները պատասխանատու և արհեստավարժ կերպով լուսաբանման համար։
Նա ընդգծեց նաև հանրությանը ճշգրիտ տեղեկատվության տրամադրման անհրաժեշտությունը՝ որպես ազատ ու արդար ընտրությունների նախապայման։ Այս առումով ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը շեշտեց համագործակցության կարևորությունը, որում առանձնանշեց քաղաքացիական հասարակության դերակատարումը։
«Վերոնշյալ մարտահրավերների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է համապարփակ մոտեցում․ միայն այդ մոտեցմամբ մենք կարող ենք նպաստավոր միջավայր ստեղծել։
Եվրոպայի խորհրդի անունից վերահաստատում եմ, որ մենք լիովին սատարում ենք Հայաստանում լրատվամիջոցների բարեփոխումների համապարփակ օրակարգին և ընթացիկ բարեփոխումներին, որոնք ուղղված են խոսքի ազատության ամրապնդմանը և ժողովրդավարության դեմ ուղղված սպառնալիքների դեմ պայքարին»,-ընդգծեց Մաքսիմ Լոնգանգեն։
«Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրի մեկնարկի միջոցառմանը ներկայացվեցին ծրագրի նպատակները, պլանավորվող գործողությունները և սպասվող արդյունքները, ինչպես նաև կքննարկվեն հաջորդ քայլերը գործընկերների և շահառուների հետ։
Միջոցառումը միավորում է հիմնական շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ պետական կառույցների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին։