Հայաստան

ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-ամյակի առթիվ Հունաստանի ցամաքային զորքերի «Սպայի տանը» անցկացվել է ընդունելություն

5 րոպեի ընթերցում

ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-ամյակի առթիվ Հունաստանի ցամաքային զորքերի «Սպայի տանը» անցկացվել է ընդունելություն

ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-ամյակի առթիվ Հունաստանի ցամաքային զորքերի «Սպայի տանը» անցկացվել է հանդիսավոր ընդունելություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատնից՝ նշելով, որ միջոցառմանը ներկա են գտնվել Հունաստանի պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի բարձրաստիճան սպաներ, պետական այլ գերատեսչությունների բարձր պաշտոնյաներ, Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ, Հունաստանում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ, ռազմական կցորդներ, հունահայ հոգևոր համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև հունահայ համայնքի անդամներ։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Հունաստանում ՝Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ ՝ ռազմական կցորդ գնդապետ ՝Արմեն Միրզաբեկյանը։

Դեսպան Տիգրան Մկտչյանը իր ողջույնի խոսքում նշել է Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի նշանակությունը՝ ընդգծելով, որ հայկական զինված ուժերը ձևավորվել են բարդ և մարտահրավերներով լի ժամանակահատվածում, սակայն այսօր գտնվում են էական վերափոխման փուլում՝ օրեցօր ամրապնդելով իրենց պաշտպանունակությունը։ Դեսպան Մկտչյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանի կառավարությունը իրականացրել է նշանակալի ներդրումներ և լայնածավալ բարեփոխումներ՝ նպատակ ունենալով ապահովելու Հայաստանի Հանրապետության կայունությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը։

Դեսպանը շեշտել է, որ Հայաստանի անվտանգությունն ու դիմակայունությունը որևէ մեկի դեմ ուղղված սպառնալիք չեն, այլև միտված են Հայաստանի քաղաքացիների՝ խաղաղ և բարեկեցիկ միջավայրում ապրելու իրավունքի ապահովմանը։

Տիգրան Մկտչյանը նաև ընդգծել է, որ բանակի հետագա զարգացումը՝ որպես պետության հիմնարար երաշխիք և անվտանգության հիմնական երաշխավոր, շարունակական բնույթ է կրելու՝ ապահովելու երկրի կարողությունը՝ դիմակայելու հնարավոր ապագա մարտահրավերներին։ Առանձնահատուկ անդրադարձ կատարվեց Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարությունների և Գլխավոր շտաբերի միջև համագործակցության խորացման ռազմավարական նշանակությանը՝ երկկողմ լայնածավալ ռազմավարական գործընկերության համատեքստում։ 

«Երկու ժողովուրդների բարեկամությունն ունի խոր պատմական արմատներ, և վերջին տարիներին համագործակցությունը ընդլայնվել է ոչ միայն քաղաքական, դիվանագիտական և պաշտպանական ոլորտներում, այլև բարձր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և տնտեսության բնագավառներում»,- ասել է Մկտչյանը:

Դեսպանը հիշեցրել է, որ հունվարի 27-ին՝ Բանակի օրվանից մեկ օր առաջ, Հայաստանում նշվում է հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի և մեծարման օրը, և հորդորեց ներկաներին մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության ընթացքում բոլոր զոհվածների, ինչպես նաև Արմեն Սաղոյանի հիշատակին, ում ընտանիքի անդամները ներկա էին միջոցառմանը։

Այնուհետև ելույթով հանդես եկավ ռազմական կցորդ գնդապետ Արմեն Միրզաբեկյանը՝ ով, ընդգծել է Զինված ուժերի ստեղծման պատմական պատասխանատվությունը 1992 թվականի հունվարի 28-ին՝ Հայաստանի անկախության հռչակումից հետո։

Շշեշտադրվեցին Զինված ուժերում իրականացվող համապարփակ բարեփոխումները, ներառյալ՝ պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը 24-ից 18 ամիս, կանանց համար կամավոր պարտադիր զինվորական ծառայության հնարավորության ստեղծումը, նոր ծառայողական մոդելների ներդրումը՝ պայմանագրային համակարգի ընդլայնմամբ, ինչպես նաև սպառազինության արդիականացումն ու դիվերսիֆիկացումը։

Առանձնահատուկ կարևորություն է տրվել միջազգային ռազմական համագործակցությանը, հատկապես Հայաստանի և Հունաստանի ռազմավարական գործընկերությանը։ Նշվեց ռազմական կրթության և մասնագիտական պատրաստության ոլորտներում ձևավորված երկարամյա համագործակցությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Հունաստանում կրթություն ստացած հայ սպաները այսօր կարևոր դեր ունեն Հայաստանի Հանրապետության ԶՈՒ զարգացման գործում։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում