Արայիկ Հարությունյանն ընտրությունների հուսալի և վստահելի կազմակերպումը համարում է ՀՀ կառավարության հիմնարար քաղաքական հանձնառությունը
5 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բարեփոխումների խթանում՝ Հայաստանում ընտրական համակարգերի թափանցիկ և ներառական կառավարման նպատակով» (ARTEMIS) ծրագրի շրջանակում անցկացվող միջոցառմանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում միջազգային կառույցների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, այլ հյուրեր:
Բացման խոսքով հանդես են եկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին:
Ողջունելով ներկաներին՝ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նրանց Հայաստանի ընտրական համակարգի ինստիտուցիոնալ ամրապնդման գործում նրանց երկարաժամկետ հանձնառության և հետևողական աջակցության համար։
Հարությունյանն ընդգծել է, որ դա էական դեր ունի երկրի ժողովրդավարական ինստիտուտների և պետական դիմադրողականության զարգացման մեջ։
«Քաղաքացիների կամարտահայտման նկատմամբ վստահության ապահովումը և ընտրությունների հուսալի և վստահելի կազմակերպումը մնում են Հայաստանի Հանրապետության կառավարության հիմնարար և շարունակական քաղաքական հանձնառությունը։ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները կարևոր են մեր ժողովրդավարական զարգացման ճանապարհին և մեր ինստիտուցիոնալ պատրաստվածության, համակարգային հասունության և հանրային վստահության մակարդակի կարևոր գնահատման փուլ։ Կառավարությունը երաշխավորում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անկախ աշխատանքը և նպաստում ընտրական համակարգի շարունակական արդիականացմանը։ Ծրագրի առանցքային բաղադրիչների իրականացման գործում Կառավարությունը հանդես է գալիս որպես համաֆինանսավորող գործընկեր՝ ապահովելով դրանց կայունությունն ու շարունակականությունը, ինչպես նշեցին գործընկերները»,-ընդգծել է Հարությունյանը։
Նա շեշտել է, որ ընտրական համակարգի արդիականացումը Հայաստանը դիտարկում է պետական կառավարման լայն վերափոխման շրջանակում, որտեղ առանցքային տեղ ունեն տեխնոլոգիական զարգացումն ու կիբերանվտանգության համակարգային ամրապնդումը։ Այդ համատեքստում թվայնացումը ՀՀ կառավարության համար ռազմավարական ուղղություն է, որը ներառում է նաև արհեստական բանականության պատասխանատու և կարգավորված կիրառումը ընտրական գործընթացների արդյունավետության, թափանցիկության և ռիսկերի կանխատեսելի կառավարման նպատակով։
«Միաժամանակ մենք ամրապնդում ենք ընտրական համակարգերի տեխնոլոգիական և տեղեկատվական դիմադրողականությունը՝ հակազդելով կիբերսպառնալիքներին, ապատեղեկատվությանը և ընտրական գործընթացների նկատմամբ վստահությունը խաթարելուն ուղղված նոր ռիսկերին։ Սրան մենք բախվելու ենք առաջիկա ամիսներին, և կարծում եմ՝ այս համագործակցությունը մեզ թույլ կտա կանխելու նման զարգացումները»,-նշել է Արայիկ Հարությունյանն ու հավելել, որ կառավարության համար կարևոր է, որ միջազգային աջակցությունը վերածվի իրական կարողությունների և կայուն արդյունքների Հայաստանի ընտրական համակարգի համար։
Նրա խոսքով՝ վստահությունը կառուցվում է ուժեղ ինստիտուտներով և բաց գործընթացներով, և իրենք հանձնառու են ապահովելու, որ 2026 թվականի ընտրություններն անցկացվեն այնպես, որ յուրաքանչյուր քաղաքացի վստահ լինի, որ իր ձայնը տեղ է հասել, իսկ ընտրական գործընթացն աչքի է ընկել ազնվությամբ և թափանցիկությամբ:
ARTEMIS ծրագիրն ուղղված է ընտրական համակարգի թափանցիկ և ներառական կառավարման բարեփոխումների առաջխաղացմանը: Ծրագիրն իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպական միության, Գերմանիա, Նորվեգիա և Շվեդիա կառավարությունների և ՀՀ Կառավարության սերտ համագործակցության շնորհիվ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Վահագն Հովակիմյանի և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլի կողմից ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում: