Հայաստան

ՀՀ-ում ավտոմոբիլային սպորտի երթուղու կառուցումը նոր ազդակ կհաղորդի սպորտաձևի զարգացմանը․ Արայիկ Հարությունյանն ու Վալերիո Իաքիցցին քննարկում են ունեցել

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ում ավտոմոբիլային սպորտի երթուղու կառուցումը նոր ազդակ կհաղորդի սպորտաձևի զարգացմանը․ Արայիկ Հարությունյանն ու Վալերիո Իաքիցցին քննարկում են ունեցել

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի (FIA) գլխավոր քարտուղար Վալերիո Իաքիցցիի գլխավորած պատվիրակության հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Արայիկ Հարությունյանը կարևորել է Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի հետ համագործակցությունը՝ Հայաստանում ավտոմոբիլային սպորտի զարգացմանը նպաստելու գործում: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ ֆեդերացիայի աջակցությամբ մեր երկրում ավտոմոբիլային սպորտի երթուղու կառուցումը նոր ազդակ կհաղորդի այս սպորտաձևի զարգացմանը:

Վալերիո Իաքիցցին ընդգծել է Հայաստանի ներուժը և կոնկրետ ձեռքբերումները՝ FIA-ի կողմից իրականացվող «Մատչելի քրոսքար» նախագծի շրջանակում քրոսքար մրցարշավային մեքենա ստեղծելու ուղղությամբ: Նախագծի նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ հնարավոր կլինի ավտոսպորտ մուտք գործել առանց մեծ ֆինանսական ներդրումների՝ տեղական արտադրության և նվազագույն ռեսուրսների պայմաններում: Իաքիցցիի խոսքով՝ այն թույլ կտա, որ Հայաստանն ընդունի առաջին քրոսքարի տարածաշրջանային շարքը և ճանապարհ կհարթի հետագայում հեղինակավոր այլ առաջնությունների կազմակերպման ուղղությամբ:

Հանդիպմանը նշվել է, որ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան, լինելով FIA պաշտոնական անդամ, կաջակցի ծրագրերի իրականացմանը: Զրուցակիցները քննարկել են նաև հետագա համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում