Գիրք նվիրելու օրը Ժաննա Անդրեասյանը պարգևատրեց Ընթերցանության օլիմպիադայի մարզային փուլի հաղթողներին
2 րոպեի ընթերցում

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, որը Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի Հակոբ Կարապենցի անվան հ․ 6 հիմնական դպրոցում պարգևատրեց Ընթերցանության օլիմպիադայի մարզային փուլի 25 հաղթողի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ժաննա Անդրեասյանը կարևորեց աշակերտների մասնակցությունն օլիմպիադային՝ շեշտելով, որ դա նշանակում է, որ դպրոցականները մեծ նշանակություն են տալիս կարդալուն, դա էլ այն է, ինչը նախարարությունը փորձում է խրախուսել՝ նաև օլիմպիադաներ կազմակերպելով։

«Երկրորդ տարին է, որ անցկացնում ենք Ընթերցանության օլիմպիադան, և ես շատ ուրախ եմ, որ մասնակցության էական աճ է նկատվում։ Առաջին տարում օլիմպիադայի դպրոցական փուլին գրանցվել է 9 հազար 934 երեխա, խոսքը միայն 5 և 6-րդ դասարանների երեխաների մասին է, իսկ այս տարի օլիմպիադային գրանցվել է 17 հազար 889 մասնակից։ Սա նշանակում է, որ այն ուշադրությունը, որը փորձել ենք ցուցաբերել, չի մնացել նախարարության պատերի ներսում, գնացել է դպրոցներ, աշակերտների ընտանիքներ»,-ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ գրքի նկատմամբ վերաբերմունքը ձևավորվում է երեխայի ծնված օրվանից, երբ նրա համար մանկական գրքեր են կարդում, հետագայում զրուցում են գրքերի մասին, սովորեցնում են միմյանց գրքեր նվիրել և այլն։
Անդրեասյանը շեշտեց՝ Ընթերցանության օլիմպիադայի առաջադրանքները կառուցված են այնպես, որ երեխաներին հնարավորություն են տալիս զարգացնել տեքստը կարդալու, ընկալելու, հասկանալու հմտությունները։
Մինչ աշակերտներին մրցանակներ հանձնելը Ժաննա Անդրեասյանը վստահեցրեց՝ երբ կարդալը դառնում է ապրելակերպ, մեծ հաջողությունների հնարավորություն է ընձեռում։
Միջոցառմանը ներկա էր նաև արձակագիր Արտավազդ Եղիազարյանը, որը երեխաների հետ քննարկեց նրանց տարիքային խմբին համապատասխան գրական ստեղծագործություններ: