Հայաստան

Բուհերի, արտադրական ընկերությունների և պետական հիմնարկների սերտ համագործակցությունը կարող է նոր հեռանկարներ բացել ուսանողների առջև

7 րոպեի ընթերցում

Բուհերի, արտադրական ընկերությունների և պետական հիմնարկների սերտ համագործակցությունը կարող է նոր հեռանկարներ բացել ուսանողների առջև

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցավ Կադաստրի պետ Սուրեն Թովմասյանի հանդիպումն ուսանողների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման նպատակն էր ներկայացնել ագրարային ոլորտի ներկայիս պահանջներն ու դրանք բավարարելու համար կատարել նշված բուհի հետ համագործակցության ձևաչափերի ընտրություն։    

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկոր Հրաչյա Զաքոյանը նշեց, որ բուհը ձգտում է փոխշահավետ համագործակցության՝ աչքի առաջ ունենալով երիտասարդների մրցունակ լինելու և աշխատանք ունենալու, աշխատաշուկայում իրենց ծանրակշիռ տեղը գտնելու հեռանկարը։  

«Ագրարային համալսարանը բուհերից առաջինն է, որտեղ պրակտիկայի փոխարեն առկա ուսուցման համակարգի ուսանողների համար կիրառվում է աշխատանքային կիսամյակ, որի տարբերությունը պրակտիկայից այն է, որ ուսանողը ոչ թե լինի դիտորդի կամ տվյալներ հավաքողի, արձանագրողի դերում, այլ հայտնվի իրական աշխատանքային միջավայրի մեջ։ Մասնավոր ընկերություններն, իհարկե, պարտավորություն չունեն նվազագույն աշխատավարձ վճարել ուսանողներին, հետևաբար իրենց հնարավորությունների սահմաններում տրամադրում են որոշակի փոխհատուցում։ Խնդիրն այստեղ պետք է լինի համակարգային և չվերաբերի միայն կադաստրին»,- ասաց Զաքոյանը։

Ռեկտորն առաջարկեց, որպեսզի աշխատանքային կիսամյակն անցկացնող ուսանողների համար ձևավորվի որոշակի փոխհատուցման ֆոնդ, ինչի շնորհիվ մասնավոր ընկերությունում աշխատանքային կիսամյակն անցկացրած ուսանողը պետական բյուջեից սնվող կազմակերպություններում նմանատիպ կիսամյակ անցկացնելու տարբերությունը չզգա։ 

«Շատ էական կլինի,  որ այդ հարցը մտնի շրջանառության մեջ, որովհետև ինչպես յուրաքանչյուր նորամուծություն, այնպես էլ աշխատանքային կիսամյակն առաջ է բերում և՛ հնարավորություններ, և՛ որոշակի լուծում պահանջող խնդիրներ։ Եթե այս դեպքում ուղղակի բյուջետային հիմնարկներն ու կառավարչական հիմնարկներն այդ հարցը բարձրացնեն համակարգային ձևով, ապա մենք կարող ենք հենց նույն բյուջեի պլանավորման փուլում ունենալ արդեն աշխատանքային կիսամյակ անցնող ուսանողների փոխհատուցման որոշակի ֆոնդ»,- նշեց Զաքոյանը։

Նա տեղեկացրեց, որ իրենց մոտ ուսանողների աշխատանքային կիսամյակն անցնելուց հետո գործատուներին նույնպես տրվում է գնահատելու հնարավորություն, այսինքն՝ ամբողջ կիսամյակի համար նախատեսված 30 կրեդիտների 70 տոկոսը գնահատում է գործատուն, հետևաբար բուհի կողմից աշխատավայրը դիտարկվում է ոչ միայն որպես պրակտիկա անցկացնելու վայր, այլև գործատուն համարվում է բուհի հետ միասին ուսանողների որակը գնահատող կառույց։     

«Դա գործընկերության նոր մշակույթ է, որն ագրարային համալսարանում երրորդ տարին անընդմեջ կիրառվում է և վստահաբար ունենալու է շատ մեծ հաջողություններ՝ ի օգուտ ուսանողների։ Բացի այդ, մեր բուհում ունենք նաև ֆակուլտետներին կից ձևավորված արտադրական և արդյունաբերական խորհուրդներ։ Վերջիններս ուղղակիորեն ներգրավված են ուսումնական պլանների բարելավման գործում՝ ներկայացնելով իրենց առաջարկությունները։ Մեզ համար չափազանց գնահատելի է գործատուների հետ համագործակցությունը, քանզի մասնագետ պատրաստելը հենց կրթօջախի մենաշնորհը չէ, այլ բուհի և աշխատաշուկայում դերակատարություն ունեցողների համագործակցությունն է, որը պետք է թույլ տա մրցունակ մասնագետներ պատրաստել։ Մենք հաճույքով կիրառում ենք վերոհիշյալ երկու նորամուծությունները»,- ասաց ագրարային համալսարանի ռեկտորը։  

ՀՀ կադաստրի պետ Սուրեն Թովմասյանն իր հերթին նշեց, որ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում կրթական համակարգին, հետևաբար այդ ուղղությամբ կատարվում են կապիտալ ներդրումներ։

«Պետական ապարատն այսօր ունի մասնագիտական տարբեր ուղղություններով զարգացած, գիտելիքներ ունեցող մասնագետների ներգրավման կարիք։ Նմանատիպ հանդիպումների շրջանակում փորձելու ենք ներկայացնել այն միտումներն ու առաջադեմ գաղափարները, որոնք առկա են և ներդրվում են պետական կառավարման համակարգում։ Փորձելու ենք նաև դրանցով շահագրգռել մեր ոլորտի ուսանողներին և դասավանդող մասնագետներին, որպեսզի համապատասխան տեղեր փնտրեն պետական կառավարման համակարգում՝ ծանոթ լինելով պետության կողմից անցկացվող բոլոր բարեփոխումների և գաղափարների իրականացմանը»,- ասաց Թովմասյանը։

Կադաստրի պետը հավելեց, որ իրենք պատրաստ են ավարտական փուլում գտնվող կամ հեռավար սովորող յուրաքանչյուր ուսանողի հետ քննարկել նաև աշխատանքի անցնելու հնարավորությունները՝ ի սկզբանե ուշադրություն դարձնելով նրա կրթական մակարդակին և կրթության շարունակականությանը։  

«Պետական հիմնարկներն ունեն բյուջետավորվող միջոցներ, և Կառավարությունը քննարկում է սկսնակ մասնագետների ներգրավման հարցը։ Ներկա պահին առկա է շրջանառվող նախագիծ, որը թույլ կտա այն մասնագետներին, որոնք քաղծառայության ստաժ չունեն, բայց ցանկանում են աշխատել պետական հիմնարկում, որևէ կերպ ձեռք բերել կամ լրացնել ստաժի բացակայող հատվածը։ Օրենսդրության համաձայն՝ աշխատանքի անցնելու ընթացակարգերը և քննության հանձնման մեթոդաբանությունը հստակ սահմանված են։ Կառավարության նոր նախաձեռնությունը կընձեռի նոր հնարավորություններ»,- ասաց Թովմասյանը։

Նա ողջունեց ագրարային համալսարանում կիրառվող պրակտիկան և մեթոդաբանությունը՝ դա համարելով կարևոր քայլ, քանզի այդ կերպ կբացահայտվեն կրթական ծրագրերի և համապատասխանաբար ոլորտում առկա պահանջների միջև այն բացերն ու անճշտությունները, որոնք հնարավոր կլինի ընթացքում ուղղել ու կարգավորել։  

«Նման հնարավորությունների ընձեռումն ուսանողին շատ կարևոր է նաև այն առումով, որ իրականում այդ աջակցության կարիքն իսկապես կա, հետևաբար բուհ-արտադրություն կապը ավելի ուժեղացնելու համար կարելի է արտադրական ընկերություններին ու պետական կառավարման հիմնարկներին ներգրավել կրթական ծրագրերի մշակման գործում»,- եզրափակեց կադաստրի պետը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում