Հայաստան

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց ընդդիմադիրների մեղադրանքներին

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց ընդդիմադիրների մեղադրանքներին

Հայաստանի վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը քվեարկությամբ ձևավորելու վերաբերյալ ընդդիմադիրների մեղադրանքներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում վարչապետը, մասնավորապես, հակադարձեց այն պնդումներին, թե այս քայլով կուսակցությունը «ժողովրդավարության իմիտացիա» է ստեղծում։

«Քվեարկության արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հենց առաջին կանոնադրության մեջ սահմանվել է, որ հերթական խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը սահմանվում է համաժողովի կողմից, մենք առաջին անգամ, որպես քաղաքական ուժ խորհրդարանական ընտրություններին մասնակցել ենք 2017 թվականին և 2017 թվականին հերթական ընտրություն է եղել և մեր համամասնական ցուցակը ձևավորվել է նույն կերպ՝ փակ, գաղտնի վարկանիշային քվեարկությամբ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց՝ 2017 թվականից հետո տեղի է ունեցել երկու արտահերթ ընտրություն՝ 2018-ին և 2021-ին, որոնցում, ըստ կուսակցության կանոնադրության, համամասնական ցուցակը ձևավորել է վարչությունը։

«Որովհետև արտահերթի ժամանակ պրոցեսներն ավելի արագ են տեղի ունենում և ժամանակի խնդիր կա։ 2026-ին տեղի է ունենալու հերթական ընտրություն, և, ինչպես 2017-ին, այս դեպքում էլ իրականացնում ենք փակ գաղտնի քվեարկության արդյունքում ցուցակի ձևավորում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ազգային ժողովի ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում