ՀՀ ԱԱ տեսչական մարմինը 2025 թվականին իրականացրել է 10 հազար 939 կանխարգելիչ գործողություն, հարուցվել է 2414 վարչական վարույթ
8 րոպեի ընթերցում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը նախորդ տարվա ընթացքում իրականացրել է 10 հազար 939 կանխարգելիչ գործողություն, որից 603-ը եղել են իրազեկման աշխատանքներ, այդ թվում՝ 62 սեմինար թիրախային խմբերի համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին մամուլի ասուլիսում տեղեկացրեց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանն՝ անդրադառնալով նախորդ տարում կատարված և 2026 թվականին նախատեսված աշխատանքներին։
«Կանխարգելիչ գործողությունը մեզ համար առաջնային միջոց է։ Բացի այդ, իրականացրել ենք 10 հազար 336 խորհրդատվական գործողություն, որից 2239-ը տնտեսվարող սուբյեկտներին գրությունների տեսքով տրված խորհրդատվությունն է։ «Թեժ գծին» ստացվել է 792 զանգ, իսկ ֆեյսբուքյան հարցումների թիվը կազմել է 176։ Կանխարգելիչ թվերի մեծ քանակը խոսում է այն մասին, որ մեր նպատակը տուգանելը չէ։ Կախված մեկ ստուգման ծավալից՝ անհրաժեշտ է լինում մինչև 15 օր՝ անընդմեջ ստուգում իրականացնելու համար։ Երկուսից չորս աշխատակիցներ անցկացնում են նաև իրազեկման սեմինարներ մի քանի տասնյակ տնտեսվարող սուբյեկտների ղեկավարների կամ նրանց անձնակազմների համար»,- նշեց Սարգսյանը։
Նա հավելեց, որ այն տնտեսվարողների դեպքում, որոնց պարագայում խախտումները կապված են իրազեկվածության պակասի հետ, տեսչական մարմինն իրականացնում է հավելյալ աշխատանքներ։ Նպատակն այն է, որ վերահսկողության ներքո գործող օրենսդրական ակտերի պահանջները պահպանվեն տնտեսվարող սուբյեկտների կողմից։
«Տեսչական մարմնի ղեկավար կազմը պարբերաբար այցելում է բժշկական կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ, ճամբարներ, բնակավայրեր, քաղաքացիների տներ՝ հետադարձ կապն ապահովելու նպատակով։ Իրազեկվածության մակարդակի բարձրացումը ենթադրում է բնակիչներին ավելի մոտ լինելու և խնդիրների առկայության դեպքում դրանց տեղում ծանոթանալու տրամաբանություն»,- ասաց տեսչական մարմնի ղեկավարը։
Անդրադառնալով նաև կառույցի վերահսկողական գործառույթին՝ Սարգսյանը տեղեկացրեց, որ համապատասխան հաշվետվությունն արդեն հավանության է արժանացել իրենց կառավարման խորհրդի կողմից։
«2025 թվականին իրականացրել ենք 3603 վերահսկողական գործողություն, այդ թվում՝ ստուգումներ, վերստուգումներ, վարչական վարույթներ։ Հրապարակվել է 1189 ստուգման հանձնարարագիր, որից 859-ը կոնկրետ ծրագրի շրջանակում, ինչպես նաև 314 վերստուգում։ Ընդհանուր առմամբ՝ խախտումները վերացնելու համար տրվել է 454 կարգադրագիր, որից 40-ը վերստուգման շրջանակում։ Սահմանված ժամանակացույցի համաձայն՝ տեսչական մարմնի աշխատակիցներն իրականացնում են վերստուգումներ, որպեսզի պարզեն՝ խախտումները վերացված են, թե ոչ։ Վերստուգումների նույն հետևողականությունն ապահովվում է»,- նշեց Սարգսյանը։
Նրա տեղեկացմամբ՝ բացի պլանավորված ստուգումներից, իրականացվել են նաև մեծ ծավալի չպլանավորված ստուգումներ, որոնց արդյունքում հարուցվել է 2414 վարչական վարույթ (835-ը դիմում-բողոքի հիմքով)։
«Ընդհանուր առմամբ՝ վարույթների արդյունքում տրվել է 450 կարգադրագիր՝ խախտումները վերացնելու նպատակով։ 1741 վարույթ կարճվել է, այդ թվում՝ 314-ը դիմումից հրաժարվելու հիմքով։ Կարճվել, չի նշանակում, որ խախտումներ չեն եղել, ուղղակի լինում են դեպքեր, երբ խախտումներն արձանագրվում են, սակայն կարգադրագիր տալու անհրաժեշտությունը բացակայում է, կամ փաստացի հնարավոր չէ կարգադրագիր տալ»,- ասաց ԱԱ տեսչական մարմնի ղեկավարը։
Նրա խոսքով՝ որպես առանձին վերահսկողության կարևոր ուղղություն, մեծ ծավալով իրականացվել են վերահսկողական գործողություններ հատկապես կոսմետոլոգիական ծառայություններ մատուցող կազմակերպությունների նկատմամբ։ Հաշվի առնելով առկա ռիսկերը, քաղաքացիների և բժիշկների բազմաթիվ ահազանգերը՝ տեսչական մարմնի ղեկավարը հանձնարարել է ուսումնասիրություն իրականացնել սոցիալական հարթակներում (ֆեյսբուք, ինստագրամ)։ Այն քաղաքացիների կամ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, որոնք գովազդում են կոսմետոլոգիական ծառայություններ առանց համապատասխան թույլտվության, կոնկրետ զեկուցագրի հիման վրա իրականցվում է վերահսկողություն։
«Կանխվել է ապօրինի բժշկության 20 դեպք, ինչը կարևոր արձանագրում է։ Ծառայություններ մատուցող սուբյեկտները պարտադիր պետք է ունենան համապատասխան լիցենզիա, մասնագետը պետք է ունենա համապատասխան հետբուհական կրթություն և ՇՄԶ հավաստագիր, իսկ գովազդը պետք է իրականացվի Առողջապահության նախարարության թույլտվությամբ։ Տեսչական մարմինը դեռևս 2024 թվականից սկսել էր իրականացնել ևս մեկ կարևոր գործառույթ՝ բացահայտելով կեղծ դիպլոմների դեպքերը։ 2024 թվականին արձանագրվել էր 7 դեպք, իսկ նախորդ տարվա ընթացքում՝ ևս 10 դեպք։ Բոլորի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը փոխանցել ենք իրավապահ մարմիններին»,- տեղեկացրեց Սարգսյանը։
Նա հիշեցրեց, որ 2023-24 թվականներին տեսչական մարմինն իրականացրել է մեծածավալ աշխատանք հակածխախոտային օրենքի շրջանակում՝ համապատասխան նշագրումների («Ծխելն առաջացնում է տուգանք») բացակայության մասով։ Երկու տարվա ընթացքում տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հարուցվել է 1500 վարույթ։ Սարգսյանը վստահեցրեց, որ արդյունքում արձանագրվել է դրական տեղաշարժ, որովհետև այժմ չկան կամ շատ քիչ են հասարակական այն վայրերը, որտեղ վերոհիշյալ նշանն առկա չէ։ Սարգսյանը լիահույս է, որ դրական դինամիկան կպահպանվի։ Նա հայտնեց, որ հաշվետու ժամանակաշրջանում տեսչական մարմնի վերահսկողության ընթացքում, որպես պատասխանատվության միջոց, ընդունվել է 2042 որոշում՝ տույժ նշանակելու մասին, ինչպես նաև 521 նախազգուշացում։
«Տարբեր կազմակերպություններում գործընկերային մթնոլորտում քննարկել ենք մեր ստուգումների արդյունքները, խնդիրներն ու դրանց լուծման համար մեզ ընդունելի տարբերակները։ Շարունակվում է նաև միջազգային համագործակցությունն ու մեր մասնագետների վերապատրաստումը»,- ասաց Սարգսյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ 2026 թվականին նախատեսվում է իրականացնել 817 ծրագրային ստուգում 790 տնտեսվարող սուբյեկտներում։ Ցանկը հաստատվել է տեսչական մարմնի կառավարման խորհրդի կողմից և հրապարակված է կառույցի պաշտոնական կայքում։ Տնտեսվարողները կարող են տեսնել՝ իրենք կան պլանային ստուգումների ցուցակում, թե ոչ։
«Բայց դա չի ենթադրում, որ պլանային այցերի ցանկում չլինելու դեպքում տնտեսվարողը չի ստուգվելու, քանի որ նախատեսված են նաև չծրագրված այցեր վերահսկողական գործառույթների իրականացման շրջանակում։ Մենք մեծ ծավալով կշարունակենք մեր կանխարգելիչ գործունեությունը, տնտեսվարողների հետ մեր հետադարձ կապի ամրապնդումը, ինչպես նաև քաղաքացիների իրազեկվածության բարձրացմանը միտված քայլերը»,- եզրափակեց Սարգսյանը։