Կրծքագեղձի մամոգրաֆիկ հետազոտությունը հասանելի է առողջության ապահովագրության շրջանակներում. նախարար
2 րոպեի ընթերցում

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շրջանակներում հասանելի է նաև կանխարգելիչ շատ կարևոր նշանակություն ունեցող՝ կրծքագեղձի մամոգրաֆիկ հետազոտությունը, նախատեսվում է առաջիկայում մարզային բժշկական կենտրոնները ևս հագեցնել մամոգրաֆիկ սարքավորումներով:
«Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին:
Նախարարը վստահեցրեց, որ իրենց ուշադրությունն ավելի ու ավելի սևեռվում է առողջությունը պահպանելու, առողջ ապրելակերպ վարելը խթանելու, կանխարգելելու, վաղ հայտնաբերելու վրա: Այդ մասով մեծ աշխատանք է արված:
«Շատ նորագույն կանխարգելիչ սքրինինգային ծրագրեր հասանելի են դարձել մեր քաղաքացիների համար: Այդ թվում՝ կրծքագեղձի քաղցկեղը կանխարգելող, կյանք փրկող մամոգրաֆիկ հետազոտությունը դարձել է առողջության ապահովագրության շրջանակներում, նաև պետպատվերից օգտվող մեր խմբի քաղաքացիների համար հասանելի»,-ասաց Ավանեսյանը:
Նախարարի խոսքով՝ իրականացրել է 10-ից ավելի կենտրոնների սերտիֆիկացում, բոլոր բժիշկներն անցել են միջազգային վերապատրաստման դասընթացներ: «Սարքավորումները գնահատվել են: Եվ համալիր գնահատականի արդյունքում 10 կենտրոնից ավելի արդեն ընդգրկված են ծրագրում: Կապիտալ ներդրումների պետական ծրագրով նախատեսում ենք առաջիկայում մարզային կենտրոնները հագեցնել մամոգրաֆիկ սարքավորումներով, այսինքն՝ ծառայությունը նաև կմոտեցնենք մեր քաղաքացիներին: Կարծում եմ՝ սա էապես կփոխի մեր մշակույթը՝ կանխարգելելու, դիմելու»,-ասաց նախարարը: