Բարձր տեխնոլոգիաներ

ՀՀ ԲՏԱ նախարարն ընդունել է ամերիկյան Shield AI ընկերության ներկայացուցիչներին

3 րոպեի ընթերցում

ՀՀ ԲՏԱ նախարարն ընդունել է ամերիկյան Shield AI ընկերության ներկայացուցիչներին

ԱՄՆ փոխնախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակում փետրվարի 10-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է ամերիկյան Shield AI ընկերության ներկայացուցիչներին՝ ընկերության միջազգային բիզնեսի զարգացման և ռազմավարության ավագ տնօրեն Քրիս Բրինքլի գլխավորությամբ:

Հանդիպմանը մասնակցել են նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը,  նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը, Shield AI ընկերության՝ Կառավարության հետ կապերի փոխնախագահ Չիպ Բյուրքհալտերը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ Մխիթար Հայրապետյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և Shield AI ընկերության միջև պաշտպանական ոլորտում արդեն ձևավորված համագործակցությունը՝ ընդգծելով դրա զարգացման մեծ ներուժը։ Նախարարը ներկայացրել է Կառավարության կողմից ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, իրականացվող օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև Հայաստանում առկա բարձր որակավորում ունեցող ինժեներական ներուժը և պաշտպանական տեխնոլոգիաներում համագործակցության լայն ուղղությունները։

Քրիս Բրինքլինն ներկայացրել է Shield AI ընկերության գործունեությունն ու տեխնոլոգիական լուծումները՝ առանձնահատուկ անդրադառնալով արհեստական բանականության և ինքնավար համակարգերի ոլորտում ընկերության փորձին։ Նա ընդգծել է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման կարևորությունը՝ նշելով փորձի փոխանակման, գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D), ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացման պատրաստակամությունը։

Քննարկման առանցքում են եղել ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները, ինքնավար ծրագրային հարթակների (autonomy software platform) կիրառումը, փորձի փոխանակումը և գիտահետազոտական ու փորձարարական զարգացման ծրագրերը։

Shield AI-ն ամերիկյան ավիատիեզերական և պաշտպանական տեխնոլոգիաների ընկերություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Կալիֆորնիայի Սան Դիեգո քաղաքում։ Ընկերությունը մշակում է առաջատար արհեստական բանականությամբ աշխատող ինքնավար լուծումներ, որոնք նախատեսված են տարբեր ռազմական հարթակների համար՝ ներառյալ օդանավերը, անօդաչու թռչող սարքերը, նավերը, արբանյակները և ստորջրյա համակարգերը՝ աջակցելով ԱՄՆ պաշտպանության նախարարությանը և նրա դաշնակիցներին։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում