Կյանքից հեռացել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը
1 րոպեի ընթերցում

Կյանքի 67-րդ տարում մահացել է Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Մարգարյանը:
«Խորը ցավով տեղեկացա իմ ավագ ընկեր, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանի մահվան մասին։ Հոգեհանգստի արարողությունը կկատարվի փետրվարի 7-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ժամը 18։00-20։00, հուղարկավորությունը՝ փետրվարի 8-ին ժամը 14։30, նույն վայրից։ Խորին ցավակցություններս ընտանիքի անդամներին, հարազատներին և բոլոր ընկերներին»,- գրել է Մարգարյանը:
Վարդան Խաչատրյանը 1995-2000 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր, զբաղեցրել ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: 2000-2008 թվականներին եղել է ՀՀ ֆինանսների նախարար, 2008-2018թթ․՝ Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական: