Մեր աճն ակնհայտ է. Սանդրո Պերկովիչը` «Նոա»-ի ուսումնամարզական հավաքի մասին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն «Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ամփոփել է իր թիմի ուսումնամարզական հավաքն ու անցկացրած ընկերական հանդիպումները:
«Մենք երջանիկ ենք, որ ունենք նմանատիպ պայմաններ ու հնարավորություններ, քանի որ ամեն ինչ բարձր մակարդակի վրա է: Բոլոր խաղացողները վայելում են այս հավաքը: Այս պայմանների առկայությամբ կարող ենք իրագործել այն ամենն, ինչ պլանավորել ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պերկովիչի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ըստ մասնագետի` ինքը նպատակ ուներ մրցել ուժեղագույն թիմերի հետ, այլ ոչ թե թույլ թիմերի, որոնց կարելի է հաղթել հաշվի խոշոր տարբերությամբ:
«Պայքարում ենք Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլին հասնելու համար: Այն զգացողությունն ունեմ, որ մենք պատկանում ենք այս փուլին, մենք ճիշտ տեղում ենք: Մեր աճն ակնհայտ է»,- ասելէ մասնագետը:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության գործող չեմպիոն Երևանի «Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում կմրցի Նիդեռլանդների «ԱԶ Ալկմար» ակումբի հետ: Փլեյ-օֆֆի երևանյան հանդիպումը կկայանա 19-ին, իսկ պատասխան խաղը` փետրվարի 26-ին: