Հայաստան

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԵՆԲ ներկայացուցիչները վերահաստատել են փոխգործակցության խորացման պատրաստակամությունը

3 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԵՆԲ ներկայացուցիչները վերահաստատել են փոխգործակցության խորացման պատրաստակամությունը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը փետրվարի 5–ին ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Ստելլա Ռենիտայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են կրթության ոլորտում Եվրոպական ներդրումային բանկի համագործակցությամբ իրականացվող ծրագրերը և ապագա նախաձեռնությունները՝ կարևորելով դրանց ընդլայնման հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է ԵՆԲ-ի հետ արդյունավետ և շարունակական համագործակցության կարևորությունը՝ հատկապես մարդկային կապիտալի զարգացման, կրթական ենթակառուցվածքների բարելավման ու որակյալ կրթության հասանելիության ապահովման համատեքստում։

Առանձնակի կարևորվել են «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում իրականացվող աշխատանքները: Նշվել է, որ ԵՆԲ աջակցությամբ Սյունիքի մարզում ներկայում աշխատանքներ  են իրականացվում մասնագիտական կրթության ոլորտում ենթակառուցվածքների  բարելավման և զարգացման ուղղությամբ, որի շրջանակում նախատեսվում են նաև միջին մասնագիտական երկու հաստատությունների վերանորոգման, արդիականացման և վերազինման աշխատանքներ ու գույքով և ժամանակակից ուսումնական լաբորատորիաներով համալրում։

ԿԳՄՍ նախարարը համոզմունք է հայտնել՝ մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը պետք է դառնա մարզային տնտեսության ողնաշարը՝ պատրաստելով մասնագետների, որոնք հետագայում իրենց տեղը կգտնեն աշխատաշուկայում։

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության՝ կրթության ոլորտի առաջնահերթությունները՝ շեշտելով դպրոցների և մանկապարտեզների կառուցման, վերակառուցման և վերանորոգման ծրագրի հաջորդ փուլի շրջանակում ակնկալվող համագործակցությունն ու կրթության ոլորտում նախատեսվող այլ կարևոր նախաձեռնություններ։

Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Ստելլա Ռենիտան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով ԿԳՄՍ նախարարության հետ արդյունավետ և շարունակական համագործակցության կարևորությունը։

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր՝ վերահաստատելով փոխգործակցության խորացման պատրաստակամությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում