2 րոպեի ընթերցում
Հայաստանյան թանգարանները բազմաբնույթ միջոցառումներով միացել են Սուրբ Սարգսի տոնի առթիվ կազմակերպվող տոնակատարություններին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 30-ին Հայաստանի պատմության թանգարանի բոլոր չամուսնացած այցելուները աղի բլիթներ նվեր կստանան, իսկ հունվարի 31-ին թանգարանում «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցահանդեսի հատուկ շրջայցը կանցկացնի երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը։ Նրա հետ այցելուները կբացահայտեն Հայաստանում առաջին անգամ ներկայացված ցուցանմուշները Լուվրից՝ համադրված Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշների հետ։
Հայաստանի ազգային պատկերասրահում ձևավորված ավանդույթի համաձայն՝ այս տարի հունվարի 30-ից թանգարանի Հայ հին և միջնադարյան արվեստի սրահներում կցուցադրվեն 18-19-րդ դարերի անհայտ հայ նկարիչների «Սուրբ Սարգիս» և «Սուրբ Գևորգ» սրբապատկերները։
Ժողովրդական արվեստների թանգարանում դեկտեմբերի 30-ին այցելուները կպատրաստեն աղի բլիթ՝ իրենց նախընտրած տեսքով։ Ծրագրում՝ աղի բլիթի և փոխինձե գնդերի պատրաստում ու համտես՝ «Էրկանք» ընկերության հետ, թեմատիկ ժողովրդական երգերի ուսուցում և վիկտորինա։ Վիկտորինայի հաղթողը կստանա ավանդական հագուստով ֆոտոսեսիայի հնարավորություն՝ «Մարաշլեան» ֆոտո ստուդիայում։
Մարզային թանգարանները ևս անմասն չեն տոնից։ Սուրբ Սարգսի տոնի նախօրեին՝ հունվարի 30-ին, Օրբելի եղբայրների տուն-թանգարանում բոլոր երիտասարդ այցելուները կարող են ստանալ իրենց աղի բլիթը, ինչպես նաև վայելել Օրբելի եղբայրների սիրային նամակներից առանձնացված տողերը։