Հայաստան

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու Բուլղարիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

3 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու Բուլղարիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ողջունելով դեսպան Նիկոլովին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է նրան ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք՝ ի շահ Հայաստանի և Բուլղարիայի միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման։ Նախարարն ընդգծել է, որ երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված ջերմ ու գործընկերային կապերն ամուր հիմք են կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության ներուժն ընդլայնելու համար։

Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցության խորացման հնարավորություններին՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է գործող կրթաթոշակային ծրագրի շարունակականությունը՝ առաջարկելով քննարկել միջբուհական համագործակցության զարգացման, ուսանողների և դասախոսների փոխանակման, համատեղ կրթահետազոտական նոր ծրագրերի հնարավորությունները։ Այդ համատեքստում ընդգծվել է ԵՄ «Էրազմուս+» և «Հորիզոն Եվրոպա» ծրագրերի շրջանակում համագործակցության ակտիվացումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մշակույթի ոլորտում փոխգործակցությանը, կարևորվել են երկու երկրների մշակութային հաստատությունների միջև կապերի ամրապնդումը, համատեղ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև երկուստեք փառատոներին և միջազգային ֆորումներին մասնակցությունը։

Սպորտի ոլորտում համագործակցության ընդլայնման  համատեքստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ 2026 թվականի փետրվարի 27-ից մարտի 5-ը Երևանում կանցկացվի Հրաձգության մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որին նախատեսվում է նաև բուլղարացի մարզիկների մասնակցությունը։

ՀՀ-ում Բուլղարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վերահաստատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման պատրաստակամությունը՝ ընդգծելով առկա մեծ ներուժը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում