2 րոպեի ընթերցում
Հայաստանում 2025 թվականին դրական զարգացումներ են արձանագրվել պետական բյուջեի կատարողականի առումով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Բյուջեի կատարողականի նախնական ցուցանիշների վերաբերյալ. այս առումով նույնպես ունենք շատ դրական զարգացումներ: 2024 թվականի համեմատ ունեցել ենք ավելի քան 306 մլրդ դրամի եկամուտներ և 350 մլրդ դրամի ծախսեր: Հատկանշական է, որ շարունակում ենք կապիտալ ծախսերի ավելացման մեր քաղաքականությունը: Կարողացել ենք 151 մլրդ դրամով ավելին ծախսել կապիտալ ծախսերի տեսքով: Պետք է նշեմ, որ պաշտպանության նախարարության գծով կապիտալ ծախսերը եղել են 86 մլրդ դրամով ավել և փաստացի կազմծել են 419 մլրդ դրամ, այսինքն՝ 1 մլրդ դոլարից ավելին: Ուրախալի է նաև այն, որ սովորաբար ունեինք խնդիրներ առանց պաշտպանության նախարարության կապիտալ ծախսերի, այսինքն՝ տնտեսական բլոկում կապիտալ ծախսերի իրականացման գծով: Ուրախալի է, որ այստեղ նույնպես ունենք բարելավում: Օրինակ, եթե անցած տարի ունեինք 63 տոկոս կատարողական՝ առանց ՊՆ-ի և առանց միջազգային կառույցների ֆինանսավորման կապիտալ ծախսերում, այստեղ բարելավում ունենք. 81.7 տոկոսով կամ 70 մլրդ դրամով ավել ենք ծախսել: Բնականաբար, ամենամեծ ազդեցությունն ունի դպրոցաշինության մեր ծրագիրը, բավական մեծ աշխատանքներ ենք իրականացնում բավական լայն թափով»,- նշեց նախարարը: