Հայաստան

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման խորհրդի նիստը

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման խորհրդի նիստը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՀՀ ՊԿԱ կառավարման խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման խորհրդի նիստը։

Ինչպես «Արմենպրես»–ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ռեկտոր Խաչատուր Ղազեյանն ակադեմիայի կոլեգիալ կառավարման մարմնի անդամներին է ներկայացրել նախորդ տարվա գործունեության մասին հաշվետվությունը՝ անդրադառնալով բոլոր ստորաբաժանումներին: Ռեկտորը շեշտել է, որ  վերջին երեք տարիներին ակադեմիայի մագիստրանտների և ասպիրանտների թվաքանակը դինամիկ աճել է։ ՊԿԱ ռեկտորը ներկայացրել է նաև ակադեմիայի կողմից իրականացվող վերապատրաստման գործընթացը և ընդգծել  պետական կառավարման համակարգի ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց կարողությունների զարգացման առավել արդյունավետ կրթական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը։ Խաչատուր Ղազեյանը նշել է ակադեմիայում կրթության որակի բարելավման ուղղությամբ ձեռնարկված որոշակի քայլերը՝ հիմնված պրոֆեսորադասախոսական անձնակազմի դասավանդման որակի և արդյունավետության գնահատման նպատակով ակադեմիայի որակի ապահովման կենտրոնի կողմից իրականացված հարցումների արդյունքների վրա: Ռեկտորը կարևորել է  նաև ուսանողների ակտիվ մասնակցությունը կրթական ու գիտական տարբեր գործընթացներին։

Արայիկ Հարությունյանը շեշտել է գիտական հետազոտությունների, դրամաշնորհային ծրագրերին մասնակցելու, կրթության որակի էլ ավելի բարելավման ուղղությամբ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, ինչպես նաև կարևորել վերապատրաստման ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարված քայլերը:

Խորհրդի անդամները դրական են գնահատել ՀՀ ՊԿԱ ռեկտորի հաշվետվությունը։  Նիստի ընթացքում նաև քննարկվել և հաստատվել է ՊԿԱ-ի 2026 թ․ բյուջեն։ 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում