Քաղաքականություն

Վահագն Խաչատուրյանը Դավոսում հանդիպել է Ֆինլանդիայի նախագահի հետ

2 րոպեի ընթերցում

Վահագն Խաչատուրյանը Դավոսում հանդիպել է Ֆինլանդիայի նախագահի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպել է Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Ստուբիի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։ 

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել իր ֆինլանդացի պաշտոնակցին՝ տարիների ընթացքում Հայաստանին և տարածաշրջանում խաղաղության գործընթացին ցուցաբերված հետևողական աջակցության համար։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային իրողություններին և ընթացիկ զարգացումներին առնչվող հարցեր՝ կարևորելով կայունության, խաղաղության և համագործակցության ամրապնդմանն ուղղված մոտեցումները։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, ինչպես նաև TRIPP նախագծին՝ ընդգծելով, որ տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացմանն ուղղված նման ծրագրերը նպաստում են փոխկապակցվածության աճին և բխում են ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ավելի լայն միջազգային համայնքի շահերից։ Կողմերը կարևորել են երկկողմ համագործակցության զարգացումը, ինչպես նաև փոխգործակցությունը Եվրոպական միության հարթակում։ Այս համատեքստում ընդգծվել է Ֆինլանդիայի հետ համագործակցության կարևորությունը նաև Հայաստանի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների (NB8) շրջանակի համատեքստում՝ դիտարկելով այն որպես քաղաքական երկխոսության և ոլորտային համագործակցության ընդլայնման արդյունավետ հարթակ։ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Ֆինլանդիայի հաջողված փորձը մի շարք ոլորտներում, մասնավորապես հանրակրթության բնագավառում՝ կարևորելով այդ փորձի ուսումնասիրման և կիրառման հնարավորությունները Հայաստանում։ Նշվել է Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և գաղափարներին, ինչպես նաև այդ ուղղությամբ իրականացվող շարունակական բարեփոխումներ ու ներդրվող ջանքերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում