Քաղաքականություն

Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում հնարավոր զարգացումներին

2 րոպեի ընթերցում

Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում հնարավոր զարգացումներին

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը չի շտապում կանխատեսումներ կարգավորման գործընթացում հնարավոր զարգացումների վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Ռուբինյանն ասել է, որ հնարավոր զարգացումների վերաբերյալ ոչինչ չի ասի, քանի որ փորձը ցույց է տվել, որ ավելի լավ է սպասել զարգացումներին, և որևէ բանի մասին հայտարարել, երբ դա արդեն տեղի կունենա։

«Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, թույլ տվեք հիմա բան չասեմ, երբ որ ժամանակը գա, պատշաճ ձևով կտեղեկացնեմ։ Թույլ տվեք հիմա բան չասել, որովհետև ես ուզում եմ հայտնել որևէ բան, երբ որ դա տեղի ունենա»,-ասել է Ռուբինյանը։   

Անդրադառնալով երրորդ երկրների և դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար Հայաստան-Թուրքիա սահմանի բացվելուն կամ գործընթացը դյուրացնելուն՝ Ռուբինյանը հիշեցրեց, որ դրա մասին պայմանավորվածություն կա դեռևս 2022 թվականից։

«Միայն կարող եմ ասել այն, ինչը հրապարակային է, որ Թուրքիան վերականգնում է Ալիջանի անցակետը»,-ասաց Ռուբինյանը։

ԱԺ փոխնախագահը խոսել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ վերջերս արած հայտարարության մասին, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում 2026 թվականի սկզբին խորհրդանշական քայլեր են լինելու․ «Չեմ ուզում այս թեմայով շատ բան ասել, ոչ թե որովհետև ինչ-որ թաքցնելու բան ունեմ կամ չեմ ուզում ձեզ ինֆորմացիա տալ, այլ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում իմ փորձը ցույց է տալիս, որ ավելի լավ է սպասել ինչ-որ բան լինի, այդ ժամանակ հայտարարել։ Ես չեմ ուզում որևէ կերպ գործընթացներին վնաս տալ»,- ասել է նա։

Ռուբինյանի խոսքով՝ հայկական կողմի դիրքորոշումը մշտապես եղել է այն, որ Երևանը ուզում է ունենալ ամբողջապես բաց սահմաններ և հաստատված դիվանագիտական հարաբերությունները հենց վաղը, և այս առումով այդ դիրքորոշման մեջ բան չի փոխվել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում