Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ջանքերով ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 1 մլրդ դրամ
2 րոպեի ընթերցում

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը 2025 թվականին սահմանել է շուրջ 2 միլիարդ դրամի տուգանք՝ Հայաստանի պետական բյուջե մուտքագրելով ավելի քան 1 միլիարդ դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 14-ի ասուլիսում այս մասին տեղեկացրեց Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:
«2025 թվականին հանձնաժողովը շուրջ 2 միլիարդի տուգանք է նշանակել, և Հայաստանի Հանրապետության բյուջե մուտքագրվել է 1 միլիարդից ավելի գումար։ Նաև, տեղի ունեցավ ՀԴՄ-ի հայտնի գործը՝ ՀԴՄ շուկայում սպասարկման և ՀԴՄ-ների ներմուծման ոլորտում: Հիմա գործընթացը գտնվում է վարչական բողոքի փուլում, շուտով հանրությունը կտեղեկացվի վերջնական արդյունքների մասին: Ըստ էության, կատարել ենք մի քանի կարևոր արձանագրում։ Արձանագրել ենք նաև, որ սպասարկման ոլորտում տեղի էր ունեցել գների բարձրացում:
Նաև աննախադեպ որոշում ընդունվեց. ասել էինք, որ գների բարձրացման ընթացքում տնտեսվարող սուբյեկտներից, մեր պատկերացմամբ, ավել հավաքագրված գումարը որոշակի տրամաբանությամբ հաշվարկի սկզբունքով կվերադարձվի հենց նույն տնտեսվարող սուբյեկտներին: Բացի այն, որ պետք է տուգանք վճարվի, պետք է նոր՝ թափանցիկ և ոչ խտրական գներ սահմանվեն»,- նշեց Գեղամ Գևորգյանը:
Ըստ նրա, այժմ Հանձնաժողովը վերջին շտրիխներն է հստակեցնում տնտեսվարող սուբյեկտների հետ.
«Մի քանի բանի շուրջ ենք ուզում պայմանավորվել: ՀԴՄ-ի սպասարկման երկու ֆունկցիա կա՝ բանկերի հետ գործարքների սպասարկման և հենց ՀԴՄ կտրոնների սպասարկման: Այդ երկու ծառայությունները մեկ համակարգի միջոցով են տեղի ունենում: Հիմա մենք բանակցում ենք, որ այդ երկու ծառայությունների սիներգիայի արդյունքում տնտեսվարող սուբյեկտները բավականին խնայողություն ունենան սպասարկման ծառայություն մատուցելու: Վերջնական գինը այս պահին չեմ կարող հրապարակել, որովհետև դեռևս վերջնական որոշում չկա, բայց, կարծում եմ, շուտով մեր տնտեսվարող սուբյեկտները լավ նորություն կունենան այդ առումով»,- ասաց նա