Այս տարվա դեկտեմբերին հեղուկ գազի թանկացման խնդիր չի լինի․ վարչապետ
2 րոպեի ընթերցում

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ այս տարի դեկտեմբերին հեղուկ գազի թանկացման խնդիր չի լինի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի ընթացքում Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նշեց, որ սպառողների շրջանում բարձրացվում են հարցեր հեղուկ գազի գնի բարձրացման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ դա ամեն տարվա համար բնորոշ գործընթաց է և արտառոց երևույթ չի:
Գևորգյանը պարզաբանեց, որ դեկտեմբերին հեղուկ գազի գների բարձրացումը հիմնականում պայմանավորված է տրանսպորտային հանգույցների խնդիրներով, մասնավորապես՝ Լարսի անցակետի հետ կապված դժվարություններով, ինչի հետևանքով թանկանում են տեղափոխման ծախսերը։
«Ապրիլ-մայիս ամիսներին գները սովորաբար նվազում են, իսկ դեկտեմբերին՝ բարձրանում, և այս պահին հեղուկ գազի շուկայում ո՛չ լուրջ խնդիր, ո՛չ էլ դեֆիցիտ չկա»,- ասաց նա։
Արձագանքելով հանձնաժողովի նախագահի դիտարկումներին՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նկարագրված իրավիճակն ինքնին խնդիր է, որը պետք է լուծում ստանա, այդ թվում՝ տարածաշրջանային մակարդակում։
«Հարցը հենց այստեղ է․ պետք չէ շատ բան փնտրել։ Մենք պետք է գնանք այդ ճանապարհով և արդեն գնում ենք այդ ճանապարհով։ Եվ համոզված եղեք՝ ո՛չ այս տարվա դեկտեմբերին, ո՛չ էլ հաջորդ տարվա դեկտեմբերին այդ հարցը չի առաջանալու»,- եզրափակեց Փաշինյանը։