Տնտեսություն

Մատակարարներին վճարումների հետ կապված իրավիճակը էապես բարելավվել է. Գեղամ Գևորգյան

2 րոպեի ընթերցում

Մատակարարներին վճարումների հետ կապված իրավիճակը էապես բարելավվել է. Գեղամ Գևորգյան

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը 2025 թվականի աշխատանքների ամփոփմանը նվիրված ասուլիսում կարևորեց որոշ կարգավորումների սահմանման հանգամանքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անդրադառնալով մթերումների դիմաց գյուղացիական տնտեսություններին կատարվելիք վճարումներին՝ բանախոսը նշեց.

«Ազգային ժողովը օրենք ընդունեց, որտեղ ասվում է՝ գյուղացիական տնտեսությունների մթերումների հետ կապված վճարումները պետք է իրականացվեն ոչ ուշ քան 30 օրվա ընթացքում: Այնուհետև մենք օրենսդրական փոփոխություն նախաձեռնեցինք. ասացինք ևս 30 օր կտանք՝ պայմանով, որ գյուղացուն վճարվի մթերման գումարը և որոշակի հավելագրում տոկոսի տեսքով: Այսինքն, տնտեսվարող սուբյեկտը բանկային ձևակերպումների համար ժամանակ ունի, միաժամանակ պետք է տրամադրի այն տոկոսը, որ պետք է վճարի գյուղացուն: Օրենքի ընդունումից ի վեր 5.2 մլրդ դրամի գումար է վերադարձվել գյուղացիական տնտեսություններին: Այսօր էապես նվազել է գյուղացիական տնտեսություններին ուշացրած վճարումների քանակը: Եթե նույնիսկ լինում են ուշացումներ, մեր ունեցած տվյալներով դրանք չեն գերազանցում 1 ամիսը: Դա էլ պայմանավորված է բանկային ձևակերպումների հանգամանքով: Այսինքն, կարող ենք փաստել, որ օրենքի կիրառումն ապահովված է դաշտում»: 

Միաժամանակ, ըստ նրա, առևտրային ցանցերը տարվա ընթացքում իրենց մատակարարներին վերադարձրել են ավելի քան 1 մլրդ դրամ: Այստեղ էլ կարգավորումը հետևյալն է. պարենային ապրանքների համար, եթե մեկ տնտեսվարող սուբյեկտի գծով 3 մլն դրամից ավել վճարման պարտավորություն կա, պետք է վճարվի մատակարարումից 30+60, իսկ ոչ պարենայինի մասով՝ 30+90 օր հետո: Մինչև այդ էլ կարող են վճարել, բայց, եթե այդ ընթացքում չվճարեն, արդեն վարչական մեխանիզմ ենք կիրառում: Նախկինում եղած պատկերն ամբողջությամբ շտկված է, որովհետև առաջ մի քանի միլիարդի պարտք ունեին մատակարարներին և այդ գումարներն, ըստ էության, շրջանառվում էին առևտրային ցանցերում: Հիմա վիճակը բավականին կառավարելի միջավայրում է գտնվում և տրամաբանության մեջ»,- արձանագրեց Գեղամ Գևորգյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում