Մամուլի սրահ

Յուրաքանչյուր անձի դեպքում շտապօգնության 9-րդ կանչը լինելու է վճարովի

3 րոպեի ընթերցում

Յուրաքանչյուր անձի դեպքում շտապօգնության 9-րդ կանչը լինելու է վճարովի

Երևանում շտապբուժօգնության կանչերի սպասարկման գործընթացում հունվարից փոփոխություններ են գրանցվել։ Մասնավորապես, այլևս բոլոր կանչերն անվճար չեն սպասարկվելու։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Ռուբեն Գրիգորյանը նշեց, որ յուրաքանչյուր անձի համար տարեկան անվճար կլինի 8 կանչ։

«Այսինքն՝ պետության կողմից երաշխավորված անվճար կլինի յուրաքանչյուր անձի համար 8 կանչ, իսկ արդեն 9-րդ կանչը կլինի վճարովի։ Կանչի գինը 10 հազար դրամ է։ Կան որոշ բացառություններ՝ ցրտահարություն, դանակահարություն, հրազենային վնասվածք, այլ արտակարգ դեպքեր, սակայն մնացած դեպքերում լինելու է վճարովի»,-ասաց Ռուբեն Գրիգորյանը։  

Բուժանձնակազմն ունենալու է անհրաժեշտ սարքավորումներ, որպեսզի վճարումը հնարավոր լինի կատարել տեղում։ Ռուբեն Գրիգորյանը նշեց, որ 8 կանչից ավելի դեպքերը վերաբերում են քրոնիկ հիվանդներին։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կանչերի 99 տոկոսի դեպքում յուրաքանչյուր անձ տվել է մինչև 8 կանչ։ Դրանից ավելի կանչեր կատարած անձանց տոկոսը շատ քիչ է կազմում։

«Կարծում եմ, որ ճիշտ որոշում է, որովհետև 20-30 անգամ կանչ տվող անձը բուժհաստատությունում բուժման կարիք ունի։ Նման կանչերի պատճառով իրական հրատապ օգնություն պահանջող կանչերն ուշանում են։ Ես կողմ եմ սահմանափակմանը»,-ասաց Ռուբեն Գրիգորյանը՝ ընդգծելով, որ այդ քաղաքացիներն արդեն տեղեկացված են 8-ից ավելիի դեպքում կանչերի վճարովի լինելու մասին։

Ամփոփելով 2025 թվականի աշխատանքները՝ Ռուբեն Գրիգորյանը նշեց, որ նախորդ տարի սպասարկել են 307 հազար կանչ, որը 2024 թվականի համեմատ ավելացել է 3 տոկոսով։ Ռուբեն Գրիգորյանը նշեց, որ այդ աճը պայմանավորված է Երևանում բնակիչների թվի ավելացմամբ։ Չնայած նախորդ տարվա ծանրաբեռնվածությանը, 2026 թվականի առաջին օրերը 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ կանչերի թիվը նվազել է։ Տոնական օրերին նկատելի նվազել են թունավորումների, ալկոհոլի չարաշահումների դեպքերը։ Ռուբեն Գրիգորյանը նկատեց, որ քաղաքացիներն այդ առումով ավելի իրազեկ են դարձել։

Նախորդ տարի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն ունեցել է կարևոր ձեռքբերում։ Մասնավորապես, ձեռք է բերել նոր մեքենաներ լիզինգային ծրագրով։ Մեքենաները հագեցած են սարքավորումներով, ունեն նաև էլեկտրական անվասայլակ, որը նախկինում չի եղել։

«Սա շատ կարևոր ձեռքբերում է։ Շատ են լինում դեպքեր, երբ հիվանդին պառկած տեղափոխելը հակացուցված է, անհրաժեշտ է նստած դիրքով ու դրա համար չենք ունեցել անհրաժեշտ սարքավորում։ Այս նոր սարքավորումը էլեկտրական է ու նախատեսված տարբեր քաշային պացիենտների համար»,-ասաց Ռուբեն Գրիգորյանը։

2026 թվականին ընկերությունը նախատեսում է կրկին նոր մեքենաներ ձեռք բերել, դրանից բացի կբարձրացվեն աշխատողների աշխատավարձը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում