Սուրեն Պապիկյանը կանանց կոչ է արել առավել ակտիվ ներգրավվել զինվորական ծառայության մեջ
2 րոպեի ընթերցում

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կոչ է արել կանանց ակտիվորեն օգտվել զինվորական ծառայության ընձեռած հնարավորություններից՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ առկա հիմնական խոչընդոտը կարծրատիպերն են։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սուրեն Պապիկյանը հայտարարեց մամուլի ասուլիսի ընթացքում:
«Մենք կարծրատիպեր կոտրելու խնդիր ունենք։ Կանայք նույնպես կարծրատիպեր կոտրելու խնդիր ունեն, որովհետև երբ հավասար հնարավորությունը տրվում է, հաճախ խուսափում ենք այդ հավասարությունից օգտվելուց»,-նշեց նա։
Պապիկյանը հավելեց, որ եթե կանանց համար նման հնարավորություններ չլինեին, հասարակության մեջ կարող էին հնչել հակառակ պնդումներ։ Նրա խոսքով՝ չի բացառվում, որ այսօր էլ բազմաթիվ հայուհիներ ունեն հայրենիքին ծառայելու ցանկություն, սակայն այդ ճանապարհին կանգնում են ընտանիքի, շրջապատի կամ հասարակության ձևավորած կարծրատիպերը։
«Խանգարում են եղբայրը, հայրը, ամուսինը, շրջապատը»,– ընդգծեց պաշտպանության նախարարը։
Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարությունը պատրաստվում է առավել ինտենսիվ կերպով լուսաբանել կանանց ներգրավվածությունը զինվորական ոլորտում՝ այդ թվում նախարարի անմիջական մասնակցությամբ։
«Մենք պատրաստվում ենք շնորհակալություն հայտնել, ոգևորել այդ աղջիկներին, որովհետև նրանք իսկապես կարևոր են։ Ես պետք է նրանց դերը ավելի մասսայական դարձնեմ և ակնկալում եմ նաև ձեր աջակցությունը, որովհետև առանց դրա հնարավոր չէ»,– ասաց Պապիկյանը։