Պաշտպանության նախարարությունը ԶՈՒ նոր համազգեստի ամբողջական գնում դեռ չի իրականացրել. Պապիկյան
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հերքում է տեղեկությունները, թե պաշտպանական գերատեսչությունն իրականացրել է Զինված ուժերի նոր համազգեստի ամբողջական գնում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պապիկյանը հայտնեց հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
«Ամերիկյան ընկերության հետ մեր պայմանագիրը ենթադրում է, որ նրանք մեզ պետք է ներկայացնեն փորձանմուշներ, տեխնիկական նկարագրեր և դետալներ, պետք է լինեն նաև որոշակի խմբաքանակ փորձանմուշներ, որոնք այս փուլում արդեն ԶՈՒ-ում անցնում են զորային փորձարկում, որից հետո 26 թվականի ընթացքում մենք կունենանք գնման գործընթաց, որին կարող են մասնակցել նաև տեղական ընկերությունները: Բայց այն, որ մենք արդեն ունենք ընդհանուր պատկեր, թե ինչպիսին պետք է լինի դաշտային համազգեստը տարբեր զորատեսակների համար, դա արդեն հստակ է»,- ասաց Պապիկյանը:
Նախարարը հայտնեց՝ առաջիկա 1 ամսվա ընթացքում կլինեն նաև բանակի ամենօրյա և տոնական համազգեստների նմուշները: