Իրան

Փեզեշքիանն Իրանում կառավարամետ ցույցերը որակել է որպես հակահարված թշնամիների «չարամիտ ծրագրերին»

2 րոպեի ընթերցում

Փեզեշքիանն Իրանում կառավարամետ ցույցերը որակել է որպես հակահարված թշնամիների «չարամիտ ծրագրերին»

Թեհրանում hունվարի 12-ին տեղի ունեցած զանգվածային հանրահավաքը խափանեց Իրանի թշնամիների ծրագրերը և ցույց տվեց երկրի ամբողջականությունը պաշտպանելու ազգային վճռականությունը, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երեկոյան հեռուստաուղերձում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հեռուստաուղերձից հատվածներ է մեջբերել Al Mayadeen հեռուստաալիքը:

«Իրանի ժողովուրդը ջախջախիչ հակահարված տվեց իր թշնամիների չարամիտ ծրագրերին, ինչը որպես նախազգուշացում կծառայի ամերիկացի քաղաքական գործիչների համար, որոնք հույսը դնում են նենգ վարձկանների վրա, - նշել է նա: - Իր մասշտաբներով աննախադեպ այս գործողությունը հաստատեց այն քաղաքացիների զգոնությունն ու պատասխանատվությունը, որոնք պատրաստ են պաշտպանելու հեղափոխական նվաճումները և կրոնական արժեքները»:

Պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Թեհրանի կենտրոնի Էնգելաբ հրապարակում տեղի ունեցած կառավարամետ հանրահավաքի մասնակիցներին:

«Այդ մեծ իրադարձությունը վերջ դրեց բոլոր տարաձայնություններին և վիրավորանքներին, - ընդգծել է նա: - Իրանցիները միավորվեցին, որպեսզի պաշտպանեն իրենց ազգային շահերն ու միասնությունը»:

Ըստ Fars գործակալության տվյալների՝ Թեհրանի փողոցներով անցած զանգվածային երթին մասնակցել է մոտ 3 միլիոն մարդ։ Փեզեշքիանը, որն այդ քաղաքական միջոցառման նախաձեռնողն էր,  միացել է ցուցարարների շարքերին։ Կառավարամետ հանրահավաքներ են տեղի ունեցել նաև Բիրջենդ, Զահեդան, Զենջան, Իլամ, Քերման, Ղոմ, Ռեշտ, Համադան և Շեհրե Քորդ քաղաքներում:

Իրանում հակակառավարական ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ից ազգային արժույթի աննախադեպ անկման և մեծ գնաճի պատճառով։ Ցույցերի ընթացքում զոհերի թիվն, ըստ իրավապաշտպան խմբերի, գերազանցել է 600-ը։ Նրանց թվում կան տասնյակ իրավապահներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում