Եվրոպա

ԵՄ-ն պլանավորում է կրկնակի ավելացնել Գրենլանդիայի համար ծախսերը

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն պլանավորում է կրկնակի ավելացնել Գրենլանդիայի համար ծախսերը

ԵՄ-ն պլանավորում է կրկնակի ավելացնել Գրենլանդիայի համար ծախսերը՝ այդ նպատակների համար 2028 թվականից սկսած 7-ամյա ժամանակահատվածում հատկացնելով 530 միլիոն եվրո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Մեր բյուջեի (2028-2034 թթ.) նախագծում մենք կրկնապատկել ենք մեր ֆինանսավորումը՝ այն հասցնելով մոտավորապես 530 միլիոն եվրոյի, ինչը ցույց է տալիս մեր հանձնառությունը գործընկերությանը և Արկտիկայի անվտանգության կարևորությունը», -ասել է  ֆոն դեր Լայենը:

Հրատարակությունը նշում է, որ Վաշինգտոնը «գրենլանդացիներին համոզելու համար» պատրաստ է ծախսել մինչև վեց միլիարդ դոլար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոսել է Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ցանկության մասին: Նա ևս մեկ անգամ կրկնել է, որ կղզու շուրջ չինական և ռուսական նավեր են: Թրամփը հայտարարել է, որ խոսքը Գրենլանդիայի կարճաժամկետ վարձակալության մասին չէ, այլ դանիական տարածքը ձեռք բերելու: Նրա խոսքով՝ եթե ԱՄՆ-ն դա չանի, ապա Ռուսաստանը կամ Չինաստանը դա կանեն:

Գրենլանդիան Դանիայի կազմի մեջ է մտնում ինքնավար տարածքի իրավունքներով։ 1951 թվականին Վաշինգտոնը և Կոպենհագենն, ի լրումն ՆԱՏՕ-ի շրջանակներում դաշնակցային պարտավորությունների, ստորագրել են Գրենլանդիայի պաշտպանության մասին պայմանագիր։ Համաձայն դրա՝ Միացյալ Նահանգները պարտավորություն է ստանձնել պաշտպանել կղզին հնարավոր ագրեսիայից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում