Սիրիայի նախագահը Դամասկոսում ընդունել է ֆոն դեր Լայենին և Կոշտային
3 րոպեի ընթերցում

Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան Դամասկոսում ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այցի մասին X-ում գրառում է արել Եվրոպական խորհրդի նախագահը։
«Բազմաթիվ տարիների պատերազմից և տառապանքներից հետո (խմբ.՝ նախկին նախագահ) Ասադի վարչակազմի տապալումն, ի վերջո, որոշ հույս է բերել սիրիացի ժողովրդին։ Մենք այսօր այստեղ ենք՝ ցույց տալու ԵՄ-ի շարունակական աջակցությունը Սիրիային», - գրել է Կոշտան։
In Damascus to meet President Al-Sharaa, together with President @vonderleyen.
— António Costa (@eucopresident) January 9, 2026
After many years of war and suffering, the fall of the Assad regime finally offered some hope to the Syrian people.
We are here today to show the EU’s continued support to Syria.
There is still a… pic.twitter.com/294KsXXJIx
Նա հավելել է, որ դեռ երկար ճանապարհ կա անցնելու, բայց Սիրիան արդեն կատարել է առաջին քայլերը։
Այցի մասին հայտնել է նաև Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Տասնամյակների վախից և լռությունից հետո սիրիացիները երկար ուղևորություն են սկսել դեպի հույս և նորացում։ Եվրոպան կանի հնարավոր ամեն բան Սիրիայի վերականգնմանը և վերակառուցմանը նպաստելու համար», - գրել է նա X-ում։
Սիրիական SANA գործակալությունը գրում է, որ կողմերը քննարկել են Սիրիայի և Եվրամիության միջև համագործակցության ամրապնդման ուղիները՝ կենտրոնանալով Սիրիայում և տարածաշրջանում վերակառուցման և կայունության ամրապնդման վրա: Բանակցությունները կենտրոնացել են նաև տնտեսական գործընկերության, կայուն զարգացման, մարդասիրական հարցերի և Եվրոպայում միգրացիայի հարցերի վրա:
Բացի այդ, կողմերն ընդգծել են Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման և քաղաքական երկխոսության ընդլայնման կարևորությունը՝ սիրիացի ժողովրդի շահերին ծառայելու և ԵՄ-ի հետ հավասարակշռված ու կառուցողական գործընկերությանն աջակցելու համար։
Հանդիպումը տեղի է ունեցել «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) և սիրիական բանակի միջև Հալեպում լայնամասշտաբ բախումների ֆոնին։ Սիրիայի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հրադադար էր հայտարարել և ՍԴՈւ-ի զինյալներին թույլ տվել դուրս գալ պաշարված քրդական թաղամասերից։ Ըստ հրապարակումների, սակայն, ՍԴՈւ-ի զինյալները հրաժարվել են հեռանալ և կրակ են բացել իրենց տեղափոխելու համար նախատեսված ավտոբուսների վրա։