Եթե տնտեսական խնդիրները չնվազեն, բողոքի ցույցերը կարող են ձգձգվել. իրանցի փորձագետը մանրամասներ է ներկայացրել Իրանում տիրող իրադրությունից
10 րոպեի ընթերցում

Իրանի մայրաքաղաք Թեհրանում դեկտեմբերի 29-ից առևտրականները բողոքի ակցիաներ են սկսել՝ իրենց դժգոհությունն արտահայտելով իրանական ռիալի կտրուկ արժեզրկման առնչությամբ։ Ըստ իրանական որոշ լրատվամիջոցների հաղորդումների՝ բողոքի ցույցերի մասշտաբներն ընդլայնվել են՝ ընդգրկելով տարբեր քաղաքներ երկրի տարբեր նահանգներում։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում իրանցի միջազգայնագետ, Կովկասի հարցերով փորձագետ Էհսան Մովահեդիանը ներկայացնել է երկրում տիրող իրավիճակը, բողոքի ակցիաների պատճառները, ցուցարարների նպատակներն ու պահանջները, ինչպես նաև իշխանությունների կողմից իրադրությունը կարգավորելու ուղղությամբ իրականացվող քայլերը։
«Որոշ քաղաքներում բողոքի ցույցերն անցկացվել են, ապա վերածվել բռնության: Ցուցարարների մեծ մասը, որոնք իրենց ցույցը սկսել են Իրանի բջջային հեռախոսների վաճառքի գլխավոր կենտրոնից, լիովին հանգիստ և հարգալից կարգախոսներ են վանկարկել: Նրանք շատ դժգոհ են ազգային արժույթի անընդհատ արժեզրկումից և տնտեսական անկայունությունից, որը խաթարել է իրենց բիզնեսը, և նրանց գլխավոր կարգախոսն է՝ «Ոստիկանություն, աջակցեք մեզ»: Ոստիկանությունը նույնպես ուղեկցել է նրանց: Սակայն որոշ կազմակերպված խմբերի միջամտությամբ բողոքի ցույցերը բռնի են դարձել ինչպես Թեհրանում, այնպես էլ որոշ այլ քաղաքներում»,- ասել է նա:
Փորձագետի խոսքով՝ բռնի ցուցարարները, մինչև 50-100 հոգանոց խմբերով, կոշտ կարգախոսներ են վանկարկել Իրանի կառավարության դեմ և ի պաշտպանություն Իրանի հանգուցյալ շահ Մոհամադ Ռեզա Փահլավիի փախստական որդու՝ Ռեզա Փահլավիի, ոչնչացրել են հանրային սեփականությունը, հարձակվել ոստիկանական ուժերի վրա և նույնիսկ փորձել են սպանել նրանց, այրել նրանց մարմինները և ոչնչացնել նրանց տները։
Նրա բնորոշմամբ՝ եղել են մարդիկ, որոնք ձերբակալվելուց հետո խոստովանել են, որ պատրաստվել են որոշ օտարերկրյա գործակալների կողմից՝ փորձելով բորբոքել մթնոլորտը, փակելով փողոցները, այրելով աղբամանները և ստեղծելով բախումներ իրենց միացած սովորական մարդկանց հետ։
«Այս մարդկանց ծայրահեղական գործողությունները ստիպել են սովորական ցուցարարներին առայժմ լռել և չգտնվել փողոցներում։ Սա զայրացրել է վանդալներին, և նրանց գործողությունները դարձել են ավելի բռնի և ագրեսիվ։ Օրինակ՝ Մաշհադում, որը կրոնական քաղաք է, նրանք ծեծել են մոտոցիկլետի վարորդին և մոտոցիկլետի հետ միասին այրել նրա կողմից տեղափոխվող որոշ կրոնական իրեր՝ կարծելով, որ մոտոցիկլետի վարորդը Իսլամական Հանրապետության կողմնակից է։ Սա այն դեպքում, երբ նա մտադիր էր այդ իրերը հասցնել միայն այլ մարդկանց»,-ասել է փորձագետը։
Նա նաև մանրամասնել է, որ այս բռնի գործողությունների հեղինակները տարբեր տեսանյութեր են ձայնագրում՝ պնդելու համար, թե իբր բոլոր ցուցարարները ցանկանում են Ռեզա Փահլավիի վերադարձը, սակայն, փորձագետի խոսքով, այս հնարքը նույնիսկ Իրանի կառավարության հակառակորդների կողմից ցուցարարների շրջանում զայրույթ է առաջացրել։
«Բողոքի ցույցերի առաջին օրը մի մարդ միայնակ նստել էր փողոցում՝ ոստիկաններին սադրելու համար, որպեսզի նրանք ծեծեն իրեն և անարդարության տպավորություն թողնեն։ Սակայն ոստիկանությունը չարձագանքեց։ Ոստիկանության կադրերը նաև ցույց տվեցին, որ այս անձը նորմալ վիճակում չէր և թմրանյութեր էր օգտագործել։ Որոշ այլ տեսանյութեր նույնպես ցույց են տալիս, որ բռնի ցուցարարները թմրանյութեր էին օգտագործել ոստիկանության վրա հարձակվելուց առաջ, կորցրել էին իրենց և բռնի գործողություններ էին ձեռնարկել»,-մանրամասնել է Մովահեդիանը։
Նրա բնորոշմամբ՝ ցուցարարները օգտագործում են նաև տարբեր հին տեսանյութեր՝ պնդելու համար, թե ցուցարարները փակել են Իրանի հարավում գտնվող կարևոր ճանապարհ, սակայն ավելի ուշ պարզվել է, որ այս տեսանյութը հին է և կապված է բեռնատարների վարորդների՝ մի քանի տարի առաջ տեղի ունեցած բողոքի ցույցի հետ։ Փորձագետի խոսքով՝ նմանատիպ տեսանյութեր պատրաստվում են նաև արհեստական բանականության միջոցով՝ մարդկանց սադրելու համար, բայց մարդկանց տեղեկացվածության մակարդակի աճին զուգահեռ այս միջոցները դարձել են անօգուտ։
Փորձագետը նաև հավելել է, որ չնայած մարդիկ խիստ դժգոհ են ներկա կառավարության տնտեսական անարդյունավետությունից, բարձր գներից, գնաճից և դոլարի գնի բարձրացումից, որը խաթարել է առևտուրն ու բիզնեսը, նրանք գիտեն, որ բռնի բողոքի ցույցերը և երկրի անվտանգության խաթարումը կհանգեցնեն Սիրիայի, Լիբիայի, Վենեսուելայի և այլ երկրների դառը իրադարձությունների կրկնությանը, հետևաբար, նրանք մերժում են բռնությունը:
«Պետք է նշել, որ եթե ներկա տնտեսական խնդիրները չնվազեն, կա հնարավորություն, որ բողոքի ցույցերը երկարաձգվեն։ Բողոքի ցույցերի մեծ մասը տեղի է ունեցել Իրանի արևմտյան սահմանին մոտ գտնվող նահանգներում: Սա վկայում է Իսրայելի միջամտության մասին այս տարածքում: Քանի որ Իրանի հրթիռային քաղաքների մեծ մասը (մեծ ստորգետնյա տարածքներ, որտեղ տեղակայված են Իրանի հրթիռները) գտնվում են երկրի արևմուտքում, և Իսրայելը հույս ունի, որ այս տարածքներում անկայունությունը կշարունակվի, և փողոցային անկարգությունները կխանգարեն Իրանին օգտագործել այդ հրթիռային քաղաքները անհրաժեշտության դեպքում: Բացի այդ, Իրանի այս հատվածում ապրող մարդիկ խիստ հավատարիմ են իրենց ընտանիքներին, հարազատներին և համայնքներին, և եթե իրենց համայնքի անդամը տուժի բախումների ժամանակ, նրանք կվարվեն բռնի և չափազանց վրեժխնդրորեն: Իրանի տարբեր մասերի բնակիչների բնութագրերը ուշադիր ուսումնասիրելով՝ Իսրայելը հույս ունի, որ անկարգություններին մասնակցելու պատճառով վիրավորված կամ զոհվածների շրջանում ոստիկանության նկատմամբ վրեժխնդրության զգացողության գոյատևումը կերկարաձգի Իրանում բռնի բողոքի ցույցերը, ինչը կթուլացնի Իրանը։ Արդյունքում, Իսրայելը հնարավորություն կգտնի կրկին հարձակվել Իրանի վրա։ Ի պատասխան՝ Իրանը բազմաթիվ ռազմական զորավարժություններ է անցկացրել և փորձարկել իր նոր սերնդի հզոր հրթիռները»,-ընդգծել է փորձագետը։
Նրա բնորոշմամբ՝ սկզբում բողոքի ցույցերը պայմանավորված էին միայն տնտեսական խնդիրներով, քանի որ տարբեր ապրանքների վաճառողներն ու առևտրականները չեն կարողանում նոր ապրանքներ գնել մատչելի գներով՝ դոլարի կտրուկ աճի պատճառով։
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկում Իրանի իշխանությունները երկրի ներսում իրավիճակը հանդարտեցնելու ուղղությամբ՝ Էհսան Մովահեդիանը հայտնել է, որ Իրանի կառավարությունը նախատեսում է որոշ սննդամթերք և հիմնական ապրանքներ բաժանել խանութներում, որպեսզի մարդիկ կարողանան դրանք գնել կտրոններով և մատչելի գներով՝ տնտեսական ճնշումը նվազեցնելու համար։
«Սակայն սա ժամանակավոր լուծում է։ Իրանական նավթի և նավթաքիմիական արտադրանքի վաճառքից ստացված եկամտի զգալի մասը չի վերադառնում երկիր՝ վաճառողների կողմից կոռուպցիայի և խարդախության պատճառով, և, ցավոք, կառավարությունը լուրջ չի զբաղվում այդ մարդկանցով։ Այս խնդիրը նվազեցրել է Իրանի արժութային պահուստները և ստեղծել լուրջ խնդիրներ։
Իրանի խորհրդարանը սպառնացել է իմպիչմենտի ենթարկել և պաշտոնանկ անել նախագահ Փեզեշքիանի կաբինետի թույլ նախարարներին, եթե նրանք չբարեփոխեն իրենց վարքագիծն ու գործունեությունը ժողովրդի տնտեսական և կենսապահովման խնդիրները լուծելու համար: Փեզեշքիանը նաև խոստացել է իր կառավարության տնտեսական ցուցանիշների լայնածավալ վերանայում անցկացնել, որի մանրամասները կհրապարակվեն մոտ ապագայում»,-եզրափակել է իրանցի փորձագետը:
Իրանի մայրաքաղաք Թեհրանում դեկտեմբերի 29-ից բողոքի ակցիաներ էին սկսել առևտրականները՝ իրենց դժգոհությունն արտահայտելով իրանական ռիալի կտրուկ արժեզրկման առնչությամբ։ Ցուցարարները իրենց գործընկերներին կոչ էին արել փակել խանութները և միանալ իրենց ակցիային։ Իրանական որոշ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ օրեր առաջ ցուցարարներին միացել են թեհրանյան համալսարանների ուսանողները։ Ըստ իրանական որոշ լրատվամիջոցների հաղորդումների՝ բողոքի ցույցերի մասշտաբներն ընդլայնվել են՝ ընդգրկելով տարբեր քաղաքներ երկրի տարբեր նահանգներում։ Ըստ հաղորդումների՝ որոշ քաղաքներում բախումներ են արձանագրվել անվտանգության ուժերի և ցուցարարների միջև, որոնց հետևանքով կան նաև զոհեր։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն, իր հերթին, երկրի ներքին գործերի նախարար Էսքանդար Մոմենիին հանձնարարել է ցուցարարների հետ երկխոսություն սկսել, ինչպես նաև հայտարարել է երկրի բանկային և ֆինանսական համակարգերում բարեփոխումների մասին։
