Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում
1 րոպեի ընթերցում

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացրել է, որ ձյան տեղումներով պայմանավորված, միջպետական, հանրապետական նշանակության որոշ ավտոճանապարհներին մաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքներ են իրականացվում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես նշված է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի «Թելեգրամ»-ի ալիքում, մասնավորապես՝ Սպիտակի ոլորաններում ճանապարհը սպասարկող ընկերությունը երթևեկելի մասը մաքրում է ձյունից և մշակում աղ-ավազով։
«Համանման աշխատանքներ են տարվում նաև ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներին»,-ասված է Ճանապարհային դեպարտամենտի հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Աբովյանի տարածաշրջանում, ձյան տեղումներով պայմանավորված, ինտենսիվորեն մաքրվում, աղ ու ավազով մշակվում է Մ-4, Երևան-Սևան ավտոճանապարհը։
Տեղումներ են նաև Ապարանի տարածաշրջանում, որտեղ ճանապարհներին կատարվում են ձմեռային սպասարկման աշխատանքներ։
