Հայաստան

Վարչապետի մամուլի քարտուղարը հերքում է թուրք լրագրողի տարածած հերթական կեղծ լուրը Հայաստանի վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Վարչապետի մամուլի քարտուղարը հերքում է թուրք լրագրողի տարածած հերթական կեղծ լուրը Հայաստանի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հերքում է Օքայ Դեփրեմի տարածած հերթական ապատեղեկատվությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում Բաղդասարյանը նշել է, որ բացահայտ ապատեղեկատվություն ու կեղծ է թուրք լրագրող Օքայ Դեփրեմի հրապարակումը, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իբր համաձայնել է Արաքս գետի ջրային ռեսուրսների բացառիկ օգտագործման իրավունքների մի մասը առանց փոխհատուցման տրամադրել Թուրքիային։

«Նույն անձը նախկինում ևս աչքի էր ընկել իրականությանը չհամապատասխանող և մանիպուլյատիվ նյութերի տարածմամբ, որոնք պաշտոնապես հերքվել են։ Տվյալ հրապարակումը հստակ տեղավորվում է Հայաստանի դեմ ուղղված համակարգված ապատեղեկատվական արշավների շրջանակում և նպատակ ունի կանխամտածված կերպով մոլորեցնել հանրությանը, խեղաթյուրել տարածաշրջանային գործընթացների իրական պատկերը՝ ներկայացնելով կեղծ ու մոլորեցնող լույսի ներքո։ Փաստեր ստուգող մի շարք պատասխանատու լրատվամիջոցներ արդեն արձագանքել են՝ մեր կողմից ստանալով պաշտոնական պարզաբանումներ և հրապարակելով հերքումներ։ Նման մասնագիտական մոտեցումը ողջունելի է։ Միևնույն ժամանակ խիստ մտահոգիչ է, որ որոշ լրատվամիջոցներ շարունակում են առանց որևէ ստուգման վերարտադրել և տարածել ակնհայտ կեղծ տեղեկատվություն՝ փաստացի դառնալով այդ ապատեղեկատվական արշավների կամավոր կամ ակամա մասնակից»,- գրել է Բաղդասարյանը։

Վարչապետի մամուլի քարտուղարը հայտնել է, որ առաջիկայում առանձին հրապարակումների շարքով կանդրադառնա այս ապատեղեկատվական արշավներին՝ բացահայտելով դրանց իրական աղբյուրները, դերակատարներին, տարածման մեխանիզմները և նպատակները։

Օքայ Դեփրեմը նախկինում ևս կեղծ լուրեր է տարածել Հայաստանի վերաբերյալ, որոնք շատ արագ հերքվել են թե փաստերը ստուգող լրատվամիջոցների, թե պետական պատկան մարմինների կողմից։ Մասնավորապես, հենց Դեփրեմն էր կեղծ լուրը տարածողը, թե իբր Հայաստանի վարչապետը Թուրքիայի նախագահի պահանջով Հայաստանում 10 մզկիթ է կառուցելու։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում