9 րոպեի ընթերցում
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է նոյեմբերի վաճառքների հիման վրա:
Առաջին տեղում է Ֆրանկ Տիլյեի «Գլուխկոտրուկ» գիրքը։ Որտե՞ղ է իրականության և երևակայության անտեսանելի սահմանը։ Այս հարցի պատասխանը պետք է բացահայտեն Իլանը և Քլոեն՝ առեղծվածային խաղի՝ «Պարանոյայի» մասնակիցները։ Ոչ ոք չգիտի, թե ինչ կանոններով է ընթանում այս խաղը, և ինչպես այն կավարտվի, սակայն մի բան հաստատ է․ հաղթողին խոստացված է խոշոր դրամական պարգև՝ երեք հարյուր հազար եվրո, որի համար մասնակիցները պատրաստ են անգամ ամենադաժան և անսպասելի քայլերին։ Խաղը տանում է ֆրանսիական Ալպերի մութ խորքերը՝ դեպի լքված հոգեբուժարան, որտեղ մեկ տարի առաջ՝ Սուրբ Ծննդյան նախօրեին, հայտնաբերվել էին ութ դիակ… Հինգ տղամարդ և երեք կին սառնասրտորեն սպանվել էին քնի մեջ։ Այժմ խաղացողները կրկին ութն են։ Ո՞վ է նրանցից կենդանի մնալու, և արդյո՞ք կլինի այդպիսի մեկը…
Թրեյսի Շևալյեի «Մարգարտե ականջօղով աղջիկը» երկրորդ տեղում է։ «Մարգարտե ականջօղով աղջիկը» վեպը միայն մի դիմանկարի պատմություն չէ. այն պատմություն է նկարչի և նրա մուսայի մասին, նաև սիրո պատմություն է, որը ծավալվում է Հոլանդիայի Դելֆտ քաղաքում հեռավոր տասնյոթերորդ դարում։ Պատմական վեպը գրելու համար հեղինակը մանրակրկիտ ուսումնասիրել է նյութը, ինչի շնորհիվ ընթերցողը միանգամից ընկղմվում է վայրի և դարի մթնոլորտի մեջ։
Դեն Բրաունի «Դա Վինչիի ծածկագիրը» երրորդ տեղում է։ «Դա Վինչիի ծածկագիրը» Դեն Բրաունի վիպաշարի երրորդ վեպն է։ Այս անգամ ևս հերոսն իր մասնագիտական ողջ ներուժը ներդնելու է՝ բացահայտելու Լուվրի խնամակալներից մեկի արտասովոր սպանությունը։ Վեպում, սյուժեի զարգացմանը զուգընթաց, ընթերցողը անընդհատ կտեղափոխվի անցյալ՝ ծանոթանալով Քրիստոսի կյանքի որոշ դրվագների և Դա Վինչիի ստեղծագործությունների՝ հեղինակի առաջարկած մեկնաբանմանը։
Մայք Օմերի «Մարդասպանի վերադարձը» չորրորդ տեղում է։ Արյան ծարավը խելագարեցնում է, մոլորեցնում, ստիպում դուրս գալ որսի: Իսկ ի՞նչ, եթե արյան ծարավով տարված մեկը հանդիպի սերիական մարդասպանի, որը նույնպես ունի ծարավ… որսի ծարավ։ Չիկագոյի փոքրիկ եկեղեցիներից մեկի հովվի աղջիկը հայտնաբերվում է սպանված։ Մարդասպանը գործել է նախապես ծրագրված կերպով, պլանավորել է սպանությունը, բայց թույլ տվել սխալներ: Քրեական հոգեբան Զոի Բենթլին և ՀԴԲ-ի գործակալ Թեյթում Գրեյը նորից դեպքի վայրում են և նրանք անում են իրենց սեփական որսը՝ վերջապես գտնելու Զոիի անցյալից եկող սարսափելի ուրվականին՝ Ռոդ Գլովեր անունով սերիական մարդասպանին։ Զոի Բենթլիի և Թեյթում Գրեյի հետաքննության մասին այս վերջին գիրքը իսկական էմոցիոնալ ճոճանակ է, որը թույլ չի տա ընթերցողին գեթ մեկ րոպե կտրվել ընթերցանությունից։
Մայք Օմերի «Զոհի աչքերով»-ը հինգերորդ տեղում է։ Քրեական հոգեբան Զոի Բենթլին և ՀԴԲ գործակալ Թեյթում Գրեյը պետք է բացահայտեն հերթական սերիական մարդասպանին, որը բավականաչափ խելացի և մտածված է գործում՝ չթողնելով ոչ մի հետք։ Սակայն Բենթլիից թաքնվել չի հաջողվի․ այս անգամ նա կտեսնի ողջ պատկերը զոհի աչքերով, իսկ Գրեյը, նայելով նրա աչքերին, կգտնի մարդասպանին։
Քրիսթեն Փերինի «Քո սպանության առեղծվածը» գիրքը վեցերորդ տեղում է։ 1965 թվականին տոնավաճառի գուշակը մռայլ կանխատեսում է անում․ տասնվեցամյա Ֆրենսիս Ադամսին մի օր անխուսափելիորեն սպանելու են։ Այդ պահից ի վեր Ֆրենսիսն իր ողջ կյանքը նվիրում է մի սպանության բացահայտմանը, որը դեռ տեղի չէր էլ ունեցել։ Ոչ ոք լուրջ չի ընդունում նրա վախերը, մինչև վաթսուն տարի անց նրա դին չեն հայտնաբերում իր իսկ կալվածքում։ Այժմ նրա ժառանգ Էնի Ադամսը պետք է բացահայտի սպանության հանելուկը, որպեսզի կարողանա ստանալ կտակում նշված հսկայական ունեցվածքը։ Բայց ժառանգության խաղը վերածվում է վտանգավոր արկածի, երբ անցյալի գաղտնիքները սկսում են մեկը մյուսի հետևից ջրի երես դուրս գալ։ Շուտով Էնին հասկանում է, որ կարող է ժառանգել ոչ միայն իր հորաքրոջ հարստությունը, այլև նրա ողբերգական ճակատագիրը․․․
Յոթերորդ հորիզոնականում է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղծագործությունը: «Անասնաֆերմա»-ն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում: Թարգմանությունը՝ Արտաշես Էմինի:
«Սպասող մարդու օրագիր» գիրքը ութերորդ տեղում է։ Այն իրանական ժամանակակից պոեզիայի ժողովածու է։ Բանաստեղծությունները թարգմանել է Էդիկ Պողոսյանը։ Իրանական ժամանակակից պոեզիան հայերեն թարգմանելն Էդիկի համար սիրելի զբաղմունք է եղել։ Գրքի կառուցվածքի գաղափարի ոգեշնչման աղբյուրը 14-րդ դարի իրանցի բանաստեղծ Հաֆեզի բանաստեղծությունների ժողովածուն է, որն իրանցիները հաճախ օգտագործում են որպես գուշակություն կամ օրվա խորհուրդ։ Յուրաքանչյուրը կարող է բացել «Սպասող մարդու օրագիր» գրքի պատահական էջ և գտնել իր օրվա բանաստեղծությունը։
Իններորդ տեղում է Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը։ Ամերիկուհի գրող Էլիզաբեթ Գիլբերթի հուշագրություններն ամփոփող «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը կանացի ուխտագնացություն է, զգայական հաճույքի, հոգևոր լուսավորման ու կենսական Ներդաշնակության փնտրտուք Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում։ Սրամտությամբ, ինքնահեգնանքով, ազատագրության մղումով լի այս ներաշխարհային ճամփորդությունը կենտրոնացնում է ընթերցողի ուշադրությունը էականի վրա, շեղում անկարևորից, ձևակերպում պոստֆեմինիստական աշխարհում ապրող ու առաջին հայացքից երջանիկ կյանք վարելու բոլոր նախադրյալներն ունեցող կնոջ խնդիրը, օրակարգ բերում հարցեր, որոնց շուրջ քանիցս մտորելու անհրաժեշտություն կա, ու առաջարկում դասեր, որոնք միանգամայն փոխադրելի են ժամանակի ու տարածության մեջ։ Թարգմանիչ՝ Լիլիթ Հայրապետյան։
Տասներորդ հորիզոնականում է Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն»-ը։ Վեպի գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի մտացածին Իթաքա քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմի օրոք։ Քաղաքի նախապատկեր է ծառայել Սարոյանի հարազատ Ֆրեզնոն։ Հոմեր Մակաուլեյը 14-ամյա տղա է, որը մեծանում է անհայր ընտանիքում Կալիֆորնիայի Իթաքա քաղաքում երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Հոմերի ավագ եղբայրը՝ Մարկուսը, հեռացել է տնից պատերազմում կռվելու համար, և Հոմերը զգում է տան տղամարդու դերը ստանձնելու անհրաժեշտությունը։ Դրամ վաստակելու նպատակով՝ տղան աշխատանքի է անցնում փոստային հեռագրային գրասենյակում, որտեղ ժամանակ առ ժամանակ ստիպված է լինում զինվորների մահվան մասին հեռագրեր հասցնել սպանվածի հարազատներին։ Թարգմանեց Նունե Թորոսյանը։
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:
| Փոփոխ․ | Գիրք | Հրատ․ | Քանակ | ||
| 1 | +3 | Ֆրանկ Տիլյե, «Գլուխկոտրուկ» | Դավինչի | 131 | |
| 2 | +8 | Թրեյսի Շևալյե, «Մարգարտե ականջօղով աղջիկը» | Զանգակ | 99 | |
| 3 | * | Դեն Բրաուն, «Դա Վինչիի ծածկագիրը» | Զանգակ | 91 | |
| 4 | -2 | Մայք Օմեր, «Մարդասպանի վերադարձը» | Դավինչի | 78 | |
| 5 | * | Մայք Օմեր, «Զոհի աչքերով» | Դավինչի | 78 | |
| 6 | +2 | Քրիսթեն Փերին, «Քո սպանության առեղծվածը» | Դավինչի | 74 | |
| 7 | -6 | Ջորջ Օրուել, «Անասնաֆերմա» | Անտարես | 67 | |
| 8 | -1 | «Սպասող մարդու օրագիր» | Newmag | 64 | |
| 9 | -3 | Էլիզաբեթ Գիլբերթ, «Ուտել, աղոթել, սիրել» | Զանգակ | 61 | |
| 10 | * | Ուիլյամ Սարոյան, «Մարդկային կատակերգություն» | Անտարես | 52 |