10 եպիսկոպոսները կաթողիկոսի հրաժարականի պահանջը հանձնել են Մայր Աթոռի քարտուղարությանը

3 րոպեի ընթերցում

Հայ Առաքելական եկեղեցու 10 եպիսկոպոսները Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականի պահանջը փոխանցել են Մայր Աթոռի քարտուղարություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մայր Աթոռի տարածքում կաթողիկոսի հրաժարականի պահանջով հրավիրված հավաքի ժամանակ այս մասին հայտնեց Հայ Առաքելական եկեղեցու Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։ 

«Մենք այսօր այստեղ եկանք, մեր հրաժարականի պահանջը փոխանցել ենք քարտուղարություն։ Մեր առաքելությունն այս պահին ավարտված է։ Հաջորդ անգամ մենք այստեղ լինելու ենք ձեզ հետ միասին՝ Մայր տաճարից աղոթելու մեր ժողովրդի, ազգի, հոգևոր դասի ամրապնդման և պայծառության համար»,- հայտարարեց Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։ 

Միևնույն ժամանակ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, որը նույն պահին Մայր տաճարում ժամերգության էր մասնակցում, հանդես եկավ 10 եպիսկոպոսներին ուղղված կոչով։ 

«Հորդորում ենք խոտոր ընթացքի մեջ եղող մեր սրբազան հայրերին՝ վերադառնալ կանոնական դաշտ, գործել միայն մեր սուրբ եկեղեցու նվիրական կարգի համաձայն՝ ի սեր մեր ժողովրդի և հայրենյաց»,- նշեց Գարեգին Երկրորդը։ 

Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի հայտարարությունից հետո 10 եպիսկոպոսները հեռացան Մայր Աթոռի տարածքից, սակայն տարածքում շարունակում են մնալ Գարեգին Բ-ի աջակիցները։ Մայր Աթոռի տարածքում հավաքի ընթացքում հասարակական կարգի ապահովման աշխատանքներ էր իրականացնում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։ 

Հավաքի ընթացքում որոշակի ընդմիջումներով լարված իրավիճակներ էին առաջանում 10 եպիսկոպոսների կոչին միացած քաղաքացիների և կաթողիկոսի աջակիցների միջև, սակայն ոստիկանությանը ընդհանուր առմամբ հաջողվում էր հանգստացնել իրավիճակը և թույլ չտալ, որպեսզի լարվածությունը խորանա։ 

Հիշեցնենք, որ Հայ Առաքելական եկեղեցու 10 եպիսկոպոսներ դեկտեմբերի 17-ին հայտարարություն էին տարածել՝ հայտնելով, որ դեկտեմբերի 18-ին հավաք են անցկացնելու Մայր Աթոռի տարածքում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչելու պահանջով։ Նրանք քաղաքացիներին և հոգևոր դասի ներկայացուցիչներին կոչ էին արել միանալ իրենց պահանջին։ Ընդդիմադիր քաղաքական մի շարք ուժեր իրենց հերթին հայտարարել էին, որ դեկտեմբերի 18-ին իրենք լինելու են Մայր Աթոռում՝ ի աջակցություն Ամենայն հայոց կաթողիկոսի։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան