5 րոպեի ընթերցում
Օրը մեկ բաժակ կաթով սկսելն արդեն սիրելի ավանդույթ. արդեն երկու տարի է՝ «Երեմյան կաթնամթերք»-ը գործընկերների՝ ՄԱԿ պարենի համաշխարհային ծրագրի և Եվրասիական զարգացման բանկի հետ համատեղ ձևավորել է նոր մշակույթ՝ «Կաթ դպրոցներին» ծրագրի միջոցով:
Ամեն օր երեխաներին մեկ բաժակ կաթով փոխանցվում է սեր, ուժ ու առողջություն:
«Արմենպրես»-ի հետ զրույցում «Երեմյան» ընկերությունների խմբի մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն, գլխավոր տնօրենի տեղակալ Լուսինե Երեմյանը նշեց, որ նախաձեռնության միտքը ծնվել է առողջ հասարակություն ունենալու գաղափարից, որը, ըստ էության, դրված է «Երեմյան կաթնամթերք»-ի արժեքային համակարգում՝ առողջ կաթնամթերք, առողջ հասարակություն և առողջ սերունդ:
ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի, Եվրասիական բանկի և «Երեմյան» ընկերությունների խմբի կողմից իրականացվող այս ծրագրի շրջանակներում ամեն օր Երևանի և Լոռու մարզի շուրջ 1400 դպրոցականներ իրենց օրը սկսում են մեկ բաժակ առողջ և անարատ կաթով:
« Ծրագիրն իրականացրել ենք պիլոտային փուլով, սակայն արդեն երկու տարի է՝ այն իրականացվում է հիմնական ծրագրով։ Նշեմ, որ յուրաքանչյուր փուլից հետո իրականացվել է վարքագծային հետազոտություն, որի արդյունքները ոչ միայն խոսուն էին, այլև հնարավորություն տվեցին ապահովել ծրագրի շարունակականությունը»,- նշեց Լուսինե Երեմյանը։
Ծրագրի մեկնարկից առաջ իրականացված հարցումները ցույց էին տվել, որ երեխաների մեծ մասը կաթ ընդհանրապես չի խմում։
«Ուսումնական ծրագրի ավարտին երեխաների ավելի քան 75 տոկոսը ոչ միայն հաճույքով էր խմում կաթը հենց դպրոցում՝ մեր ծրագրի շրջանակում, այլ նաև նպաստում էր կաթի օգտագործմանը իրենց ընտանիքներում։ Ծրագրի նպատակը ոչ միայն կաթի մշակույթի զարգացումն ու սերմանումն է նախադպրոցական և դպրոցական երեխաների շրջանում, այլ նաև առողջ ապրելակերպի խրախուսումը։ Ծրագրի նպատակներից է նաև երեխաներին զերծ պահել անառողջ խորտիկներից և քաղցր գազավորված ըմպելիքներից՝ նրանց սննդակարգում ներառելով առողջ կաթը»,- ընդգծեց Լուսինե Երեմյանը։
Լուսինե Երեմյանն ուրախությամբ արձանագրեց՝ ծրագրի արդյունքների գնահատումը ցույց է տվել, որ երեխաների մոտ զգալիորեն նվազել է անառողջ սննդամթերքի և քաղցր գազավորված ըմպելիքների օգտագործումը։ Զուգահեռաբար աճել է կաթի և կաթնամթերքի օգտագործումը՝ ինչպես առօրյայում, այնպես էլ ընտանիքներում։
Մուրացանի անվան համար 18 հիմնական դպրոցի ուսուցչուհի Աննա Բախշյանն ընդգծեց՝ դպրոցի առօրյան զգալիորեն փոխվել է կաթ խմելու գործընթացի շնորհիվ։
«Կաթը ոչ միայն առողջ սննդամթերք է, այլ նաև ստեղծել է մի միջավայր, որտեղ իշխում են համերաշխությունը, ընկերությունն ու ջերմությունը։ Ինքս էլ նկատել եմ երեխաների վարքագծի փոփոխությունը․ եթե նախկինում կային աշակերտներ, որոնք հրաժարվում էին կաթ խմելուց, ապա հիմա ես անձամբ տեսնում եմ և մեծ ոգևորությամբ արձանագրում, թե ինչպես են նրանք փոխվել։ Նրանք ամեն օր մեծ հաճույքով ու ուրախությամբ իջնում են և վայելում «Երեմյան կաթ»-ը»,- նշեց ուսուցչուհին։
Ծրագրին մասնակցում են 5-ից 9-րդ դասարանների աշակերտները, որոնք փաստում են՝ հաճույքով են խմում կաթը, զրուցում, քննարկում տարբեր թեմաներ և պատրաստվում հաջորդ դասին։
«Կաթ խմելը դպրոցում ավանդույթ է դարձել»,-ասաց Մուրացանի անվան համար 18 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Մանե Վարդանյանը՝ նշելով, որ ամեն երրորդ և չորրորդ դասամիջոցներին աշակերտներն իրենց դասղեկների ուղեկցությամբ իջնում են ճաշարան և կաթ խմում։
«Կաթը բոլորիս ավելի է մտերմացրել, արդեն շատ հաճելի է դարձել դասընկերներով մի սեղանի շուրջ կաթ խմելը, քանի որ պատմում ենք օրվա իրադարձությունները, քննարկում դասերը»,- ասաց աշակերտուհին։
Ծրագրի շրջանակներում գրանցված հաջողությունները ամուր հիմք են նախաձեռնության շարունակականության և ընդլայնման համար։