Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական համաձայնություն. Անի Բադալյան

4 րոպեի ընթերցում

Եվրոպական միության անդամ բոլոր երկրների կողմից կա քաղաքական համաձայնություն Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցներից Հայաստանին աջակցություն տրամադրելու վերաբերյալ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ 

Հարց. Վերջին օրերին ակտիվ էին շփումները ԵՄ հետ՝ տարբեր ձևաչափերով, կայացան նաև անդամ երկրների հետ երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ Հունգարիայի ԱԳ նախարարի հետ։ ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում կյանքի կոչվող ծրագրերից կարծես դանդաղել էր միայն Խաղաղության եվրոպական գործիքի ներքո աջակցության հաստատման հարցը, կա՞ այս հարցում որոշակի փոփոխություն։

Պատասխան. Այո, այդ ուղղությամբ քննարկումները, այդ թվում՝ Ձեր նշած ձևաչափերում, միտված էին կոնկրետ արդյունքների, և մենք գնահատում ենք ԵՄ 27 անդամներից յուրաքանչյուրի և ընդհանուր՝ ԵՄ մակարդակում ձևավորված կոնսենսուսը, ինչի մասին, ի դեպ, նախարար Միրզոյանն առանց փակագծեր բացելու նշեց ԵՄ ԱԳ նախարարների ձևաչափով երեկ կայացած հանդիպումից հետո։ ԵՄ ԱԳՆԽ շրջանակներում նախարար Միրզոյանի հետ կայացած հանդիպմանը ԵՄ բոլոր անդամ պետությունները վերահաստատել են այդ և այլ գործիքակազմի միջոցով տրամադրվող աջակցությունը, ուստի կարող ենք փաստել, որ կա արտահայտված քաղաքական համաձայնություն, և անհրաժեշտ ներքին ընթացակարգերի ապահովումից հետո ակնկալում ենք Խաղաղության եվրոպական գործիքի ներքո Հայաստանին երկրորդ աջակցության հաստատումը:

Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 15-ին Բրյուսելում մասնակցել էր Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպման շրջանակներում կայացած նախաճաշին, որի շրջանակներում շփումներ էր ունեցել տարբեր գործընկերների հետ։ 

Հայաստանը 2024 թվականի հուլիսին Խաղաղության եվրոպական հիմնադրամից մեկ անգամ 10 միլիոն եվրո էր ստացել՝ դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու համար, որը ներառում էր նաև մեկ բժշկական օգնության ամբուլատորիա, ինչպես նաև համապատասխան ծառայություններ ու կարողություններ։ 

2025 թվականի մարտին հայտնի էր դարձել, որ Հայաստանը Խաղաղության եվրոպական հիմնադրամից աջակցություն ստանալու երկրորդ հայտն է ներկայացրել։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ Հունգարիան արգելափակել է Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամից 20 միլիոն եվրո տրամադրելու որոշումը, իսկ ավելի ուշ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հաստատել էր, որ Հունգարիան արգելափակել է այդ որոշումը, սակայն շեշտել էր, թե Հունգարիան դեմ չէ, որպեսզի Հայաստանն աջակցություն ստանա Խաղաղության եվրոպական հիմնադրամից, սակայն նույնչափ աջակցություն էլ, ըստ Սիյարտոյի, պետք է ստանա Ադրբեջանը։ Սիյարտոն շեշտել էր, որ Եվրամիությունը պետք է հաշվի առնի իրավիճակի անկայունությունը, ինչպես նաև այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտեցել են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։  

Հայերեն English Español Français ქართული 中文