Վերանորոգվել և կահավորվել է Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի հնագիտության սենյակը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ծրագրով և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ՝ վերանորոգվել և կահավորվել է Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի հնագիտության սենյակը։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ թանգարանի տնօրեն Մարիաննա Մուսոյանը հայտնել է, որ վերոնշյալ սենյակում հազարամյակների պատմություն ունեցող խեցեղենն արդեն ցուցադրվում է պատշաճ կերպով: Այս սենյակն առավել գրավիչ է դարձել նոր ցուցափեղկերի և հատուկ լուսավորության շնորհիվ:
Հնագիտական սենյակի վերանորոգումն ու կահավորումը հնարավոր են դարձել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Աջակցություն մշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը» ծրագրի շրջանակում: Որոշ ցուցափեղկերի ձեռքբերման գործում էլ օժանդակել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը: Հնագիտության սենյակի վերանորոգման ու կահավորման համար հատկացված դրամաշնորհը կազմել է 2 միլիոն 290 հազար դրամ:
Թանգարանի աշխատակիցների և այցելուների ցանկությունն է, որ տարբեր ժամանակաշրջանները ներկայացնող սենյակները ևս բարեկարգվեն և թանգարանային հարուստ ֆոնդը ցուցադրվի լավագույն պայմաններում: