Քաղաքականություն

Խաղաղության հաստատումից հետո Հայաստանը շատ ավելի հետաքրքիր է դարձել աշխարհի համար. Գևորգ Պապոյան

2 րոպեի ընթերցում

Խաղաղության հաստատումից հետո Հայաստանը շատ ավելի հետաքրքիր է դարձել աշխարհի համար. Գևորգ Պապոյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումից հետո Հայաստանը շատ ավելի հետաքրքիր է դարձել աշխարհի համար։

Ինչպես Համբուրգից հաղորդում է «Արմենպրես»֊ի թղթակիցը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Գերմանիայում է։ 

«Հայաստանն աշխարհի համար հետաքրքիր է դարձել առաջին հերթին այն տնտեսական հնարավորությունների շնորհիվ, որոնք այսօր կան։ Տեսե՛ք, ի՞նչ է տեղի ունենում, Վրաստանից մինչև Նորվեգիա այդ ամբողջ հատվածը, ըստ էության, փակ է, և նաև Հայաստանից դեպի հարավ՝ մինչև Հնդկական օվկիանոսի ավազան, նորից փակ է։ Ասիական հատվածը Եվրոպայի հետ կապող միակ ճանապարհը, այսպես կոչված, Միջին միջանցքը մնացել է, և անցնում է Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի տարածքով։ Հիմա եվրոպական գործընկերներին շատ հետաքրքիր է, որ այն անցնի նաև Թուրքիայի տարածքով ու գնա Եվրոպա։ Բեռլինում, Համբուրգում գործարարների հետ հանդիպումը ցույց տվեց, որ բոլորին հետաքրքիր էր, թե ե՞րբ է բացվելու հայ թուրքական սահմանը, ե՞րբ է բացվելու Հայաստան֊Ադրբեջան սահման»,֊ ասաց Գևորգ Պապոյանը։ 

Նախարարն ընդգծեց, որ Արևմուտքը սպասում է այդ ճանապարհների ապաշրջափակմանը։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վարչապետի պատվիրակության կազմում Բեռլինում և Համբուրգում մասնակցել է գերմանացի գործարարների հետ հանդիպումներին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում