Կոռուպցիայի դեմ պայքարում փորձում ենք հանրային պաշտոն զբաղեցնող անձանց մտածելակերպն ու վարքագիծը փոխել․ Մարիամ Գալստյան
2 րոպեի ընթերցում
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը ամփոփեց հակակոռուպցիոն ոլորտում 2025 թվականին իրականացված աշխատանքները՝ ընդգծելով, որ հանձնաժողովի հիմնական նպատակը հանրային պաշտոնատար անձանց վարքագծի և մտածելակերպի փոփոխությունն է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում Գալստյանը նշեց, որ կանխարգելման ոլորտում մեծ աշխատանք է կատարվել, սակայն այս ուղղության ազդեցությունը դրսևորվում է երկարաժամկետ կտրվածքով։
«Կանխարգելումն ավելի բարդ գործընթաց է, որի արդյունքներն ավելի երկարաժամկետ հատվածում են երևալու։ Մենք կարծում ենք՝ բավականին շատ ծրագրեր ենք իրականացրել և բավականին շատ ծրագրեր ունենք, որոնց արդյունքները առաջիկայում տեսանելի կլինեն»,-ասաց նա։
Գալստյանի խոսքով՝ տարբեր ոլորտներում են կանխարգելում իրականացնում։
«Հիմնականում վարքագծի փոփոխությանն է միտված մեր աշխատանքը։ Մենք փորձում ենք հանրային պաշտոն զբաղեցնող անձանց մտածելակերպն ու վարքագիծը փոխել»,- ընդգծեց Գալստյանը։
Նա ընդգծեց, որ կանխարգելման քաղաքականությունը ներառում է ինչպես կրթական, այնպես էլ վերահսկող մեխանիզմներ։
«Մյուս կողմից արդեն ավելի թեթև, բայց պատժողական գործիքակազմով փորձում ենք կանխարգելել կոռուպցիան՝ հայտարարագրերի վերլուծության, բարեվարքության համակարգի, անհամատեղելիության պահանջների, շահերի բախման և վարքագծի կանոնների միջոցով՝ հասկանալու, թե ինչպես են հանրային պաշտոն զբաղեցնողները շփվում հանրության հետ»,- ասաց Գալստյանը։
Գալստյանը նաև տեղեկացրեց, որ ԱԺ-ում քննարկվում է նախագիծ, որը հանձնաժողովին լրացուցիչ գործիքակազմ կտրամադրի։
«Արդարադատության նախարարության գործընկերների միջոցով ունենք նախագիծ, որով կոռուպցիոն ռիսկերի գնահատման իրավասությունը կհանձնվի հանձնաժողովին։ Այս կերպ կկարողանանք ինստիտուցիոնալ մակարդակում հասկանալ՝ որտեղ են ռիսկերը և հենց այդ մակարդակում կանխարգելել»,- եզրափակեց Գալստյանը։