Վերլուծություն

Եվրոպան՝ աշխարհաքաղաքական փոփոխությունների խաչմերուկում. հիմնական օրակարգը և Հայաստանը

24 րոպեի ընթերցում

Եվրոպան՝ աշխարհաքաղաքական փոփոխությունների խաչմերուկում. հիմնական օրակարգը և Հայաստանը

Փոփոխվող աշխարհակարգի պայմաններում, որտեղ անվտանգությունը, ինքնիշխանությունը և տնտեսական ու տեխնոլոգիական մրցակցությունը կենտրոնական տեղ են զբաղեցնում, եվրոպական քաղաքականությունը ևս անցնում է խորքային վերափոխումներով։ Այսօր Եվրոպական Միության և նրա անդամ պետությունների ռազմավարական օրակարգը կենտրոնացած է մի քանի փոխկապակցված, կենսական հարցերի շուրջ՝ միջազգային հարաբերություններում որպես աշխարհաքաղաքական կենտրոն դիրքավորում, առանցքային գործընկերների հետ հարաբերությունների վերաիմաստավորում, Ուկրաինայում հակամարտության շահավետ հանգուցալուծում, վերազինում և պաշտպանունակության բարձրացում, տնտեսական խնդիրներ, ներքին կայունության ապահովում, ինստիտուցիոնալ բարեփոխումներ և թվային ինքնավարություն։

Եվրոպական օրակարգն այլևս չի կարելի դիտարկել միայն արտաքին հարաբերությունների կամ ներքին փոփոխությունների պրիզմայով․ դրանք այժմ միահյուսված են և եվրոպական քաղաքական էլիտայից պահանջում են ռազմավարական լուծումներ: Արտաքին հարաբերությունների համատեքստում Եվրոպան բախվում է ավելի ու ավելի մրցակցային և անկանխատեսելի միջազգային իրավիճակի, որը պահանջում է ավելի ճկուն, ամուր և հեռանկարային մոտեցում անվտանգության և դիվանագիտության նկատմամբ:

Հաշվի առնելով այդ մարտահրավերները և հնարավոր ու անխուսափելի տեղաշարժերը Եվրամիության արտաքին հարաբերություններում և հարևանության հետ շփումներում՝ Հայաստանը ևս պետք է կարևորի եվրոպական օրակարգի հիմնական միտումների և քաղաքականության դինամիկայի ուսումնասիրությունը։ Մասնավորապես, ՀՀ Ազգային ժողովն այս տարի ընդունել է «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը՝ ընդգծելով հայ հասարակության հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և ձգտումը դեպի ժողովրդավարական բարեփոխումներ և կայուն առաջընթաց։ Որոշակի կարևոր փոփոխություններ են նկատվում նաև ԵՄ ընդլայնման քաղաքականության մեջ, ուստի կարևոր է դիտարկել ընձեռվող հնարավորությունները։ 

Եվրոպան՝ որպես աշխարհաքաղաքական կենտրոն

Եվրոպայում շուրջ երեք տասնամյակ տևած խաղաղության ու բարգավաճման իրավիճակը բախվել է լուրջ մարտահրավերների։ Սառը պատերազմի ավարտից հետո տասնամյակներ շարունակ Եվրամիությունը գործում էր համեմատաբար կայուն միջազգային համակարգի շրջանակներում, որտեղ ակնկալվում էր, որ տնտեսական փոխկապակցվածությունը և բազմակողմ դիվանագիտությունը կկանխեն լայնածավալ հակամարտությունները: Այս պայմաններում Եվրոպական Միությունը ավելի քիչ ուշադրություն էր դարձնում պաշտպանական և անվտանգային հարցերին՝ ապավինելով ՆԱՏՕ-ին: Թեև անվտանգային խնդիրների շուրջ քննարկումներ էին ծավալվում նաև նախկինում, այդ համակարգի հիմքերը իրապես սկսեցին քանդվել 2022 թվականից՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից։ Դրան նպաստեցին նաև ԱՄՆ ռազմավարական առաջնահերթությունների փոփոխությունը, Չինաստանի ուժեղացումը և աճող մրցակցությունը։ Այդ ամենն ընդգծեց Եվրամիության ռազմավարական խոցելիությունը:

Եվրոպայի դերը որպես աշխարհաքաղաքական կենտրոն վերականգնելու ձգտումը պայմանավորված է այն ընկալմամբ, որ ԵՄ-ն պետք է ի վիճակի լինի ազդելու տարածաշրջանային ու գլոբալ խնդիրների կարգավորման վրա և ի վիճակի լինի ապահովելու սեփական անվտանգությունը բոլոր ուղղություններով։ Դա սերտորեն փոխկապակցված է թե՛ դաշնակիցների հետ հարաբերությունների վերաիմաստավորման, թե վերազինման օրակարգի, թե Ուկրաինայում հակամարտության կարգավորման հետ։ 

Համաշխարհային դերակատարի դերը վերականգնելու համար Եվրոպայում առաջ են քաշվել բազմաթիվ նախաձեռնություններ և ընթանում է ակտիվ դիվանագիտական աշխատանք։ Դրանցից է, օրինակ, «Global Gateway» ծրագիրը, որը ենթադրում է ամբողջ աշխարհում ենթակառուցվածքային նախագծերում մինչև 300 միլիարդ եվրո ներդնելու պատրաստակամությունը, որը հաճախ դիտվում է որպես  «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության այլընտրանք: Մեկ այլ կարևոր գործիք է ընդլայնման քաղաքականությունը, որը մինչև վերջին տարիները լճացման մեջ էր։ Ընդլայնումը այսօր դիտարկվում է ավելի լայն իմաստով՝ ոչ միայն անդամակցության տեսանկյունից, այլև որպես ԵՄ մերձավոր հարևանների անվտանգության ապահովում և դիմադրունակության բարձրացում, ինչպես նաև սերտ ինտեգրում, արդյունքում՝ ԵՄ գրավչության մեծացում գործընկերների համար։ Արտաքին քաղաքականության մեջ համախմբված գործելու համար անհրաժեշտ է, որ ԵՄ ինստիտուտները և անդամ պետությունները համակարգեն իրենց արտաքին գործողությունները։ Այս առումով, իհարկե, Միությունը բախվում է բազմաթիվ մարտահրավերների, քանի որ երկրների ազգային շահերը, իշխանությունների առաջնահերթությունները երբեմն հակասում են միմյանց։ Այդ խնդիրը հաղթահարելու համար կարևոր քայլ կլինի արտաքին և անվտանգության քաղաքականությանը վերաբերող հարցերում որակյալ մեծամասնությամբ որոշումների կայացման մեխանիզմի անցումը։ 2025 թվականի ապրիլի 2-ին Եվրոպական խորհրդարանի ընդունած՝ «Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման վերաբերյալ 2024 թվականի տարեկան հաշվետվություն» բանաձևում Եվրոպական խորհրդին կոչ է արվում  այդ ոլորտներում որոշումները աստիճանաբար  կայացնել որակյալ մեծամասնության քվեարկությամբ։

Միևնույն ժամանակ, պետք է ընդգծել, որ Ուկրաինայում հակամարտության մեկնարկին հետո ականատես ենք լինում համաեվրոպական համերաշխության տարբեր դրսևորումների։ Օրինակ՝ BrExit-ից հետո Միացյալ Թագավորությունը սերտորեն աշխատում է Ֆրանսիայի ու Գերմանիայի հետ համաեվրոպական խնդիրների շուրջ։ Եվրոպայի միավորվելու վկայություններից է նաև այն, որ Շվեդիան ու Ֆինլանդիան հրաժարվեցին չեզոք կարգավիճակից և միացան ՆԱՏՕ-ին։ Ֆրանսիայի կողքին հավակնություններ է ներկայացնում նաև Գերմանիան։ Ուկրաինայի հարցում միասնությունը և կարգավորման բանակցային սեղանին իր դիրքի ամրապնդումը, ինչպես նաև վճռական դիրքորոշումը ԵՄ-ին թույլ կտա հանդես գալ որպես աշխարհաքաղաքական կենտրոն։

 Եվրոպայի ռազմավարական ինքնավարության և պաշտպանական օրակարգի գլխավոր շարժիչ ուժը Ֆրանսիան է՝ նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորությամբ։ Մասնավորապես, Փարիզն ակտիվորեն առաջ է մղում ինչպես ԵՄ-ի ընդլայնման գաղափարը, այնպես էլ որակյալ մեծամասնությամբ որոշումների ընդունման մեխանիզմի ներդրումը։ Միևնույն ժամանակ, Ֆրանսիան կարևորում է նաև պաշտպանական ոլորտում ԵՄ ինքնավարությունը։ 2025 թվականի Ազգային ռազմավարական վերանայումը պաշտոնապես հաստատում է միջուկային զսպման միջոցների կենտրոնական դերը՝ որպես Ֆրանսիայի անկախ պաշտպանական քաղաքականության հիմնաքար: Ֆրանսիան նաև հայտարարել է եվրոպական շահագրգիռ երկրների հետ ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին՝ հավաքական եվրոպական պաշտպանության գործում միջուկային զսպման հնարավոր դերի վերաբերյալ: Ֆրանսիայի 2025 թվականի բյուջեով՝ հավելյալ 6,7 միլիարդ եվրո է հատկացվել՝ երկրի զինված ուժերի և միջուկային ներուժի պահպանման և արդիականացման համար։ Եվրոպական երկրների շարքում Ֆրանսիան ամենաբարձր աջակցությունն է ցուցաբերում ԵՄ բանակի ստեղծմանը, ակտիվորեն աջակցում է Եվրոպական պաշտպանական հիմնադրամին (European Defence Fund) և ԵՄ Արագ տեղակայման ներուժին (EU Rapid Deployment Capacity): Բացի այդ, Ֆրանսիան ունի մշտական ռազմական ներկայություն Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որը դիտարկվում է որպես աշխարհաքաղաքական մրցակցության առանցքային տարածաշրջաններից մեկը: 

Ֆրանսիային զուգահեռ՝ Ֆրիդրիխ Մերցի օրոք ակտիվություն է ցուցաբերում նաև Գերմանիան, որի ազդեցությունը պայմանավորված է երկրի հսկայական տնտեսական հզորությամբ և ԵՄ ամենամեծ և ամենակենտրոնական երկրի կարգավիճակով: Ներկայիս Գերմանիան առաջնորդվում է դեռ Օլաֆ Շոլցի կառավարման օրոք «Zeitenwende»-ի «հռչակմամբ», որը նշանակում է «շրջադարձային փուլ» և հիմնականում վերաբերվում է երկրի կուրսին դեպի անվտանգության և աշխարհաքաղաքականության ոլորտում խոշոր դերակատարի։ Գերմանիան 100 միլիարդ եվրո հատուկ հիմնադրամ է ստեղծել իր զինված ուժերի արդիականացման համար՝ ներդրումների տասնամյա դեֆիցիտի հաղթահարման և զինված ուժերի մարտունակության բարձրացման նպատակով։ Բացի այդ, Բեռլինը իր պաշտպանական ծախսերը համապատասխանեցրել է տարեկան ՀՆԱ-ի 2%-ի ՆԱՏՕ-ի պահանջին, ինչը նրան դարձնում է Եվրոպայում հավաքական պաշտպանության ամենամեծ ներդրողներից մեկը։ Քաղաքական հարցերում Գերմանիան կիսում է Ֆրանսիայի մոտեցումը և ակտիվորեն առաջ մղում այն։ 

Ավելի ուժեղ Եվրամիության քաղաքականության ակտիվ պաշտպաններն են նաև Լեհաստանը, Իտալիան, Իսպանիան, Բելգիան, Նիդեռլանդները, Բալթյան երկրները։

Միևնույն ժամանակ, իր ռազմավարական նշանակությունը վերականգնելու համար Եվրոպան սկսել է վերանայել հարաբերությունները համաշխարհային առանցքային դերակատարների հետ: Անդրատլանտյան գործընկերությունը մնում է անփոխարինելի, սակայն այն զգալի փոփոխությունների է ենթարկվել։ Վաշինգտոնի երկարաժամկետ ուշադրությունը տեղափոխվում է դեպի Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան և Չինաստանի հետ համակարգային մրցակցություն, և Եվրոպայի պաշտպանության գործում ամերիկայի մասնակցությունը մնում է անորոշ, հատկապես՝ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման շրջանում: Եվրոպան մտադիր է վերանայել հարաբերությունները նաև Չինաստանի հետ։ Դրանք այժմ կարելի է բնութագրել որպես համագործակցության, մրցակցության և ռազմավարական զգուշավորության բարդ համադրություն: 

Պաշտպանություն և անվտանգություն

Անդրադառնալով Ուկրաինային՝ պետք է նշել, որ պատերազմը դարձել է այն առանցքը, որի շուրջ պտտվում է Եվրոպայի նոր ռազմավարական մտածողությունը։ Պատերազմի սկզբնական շրջանում Եվրոպայի համախմբումը Կիևին ռազմական, ֆինանսական աջակցության տրամադրման, ինչպես նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում շատ կարևոր էր Ուկրաինայի դիմադրունակության համար։ Սակայն այդ միասնությունը բախվեց աճող մարտահրավերների՝ պայմանավորված ներքաղաքական ճնշումներով, տնտեսական խնդիրներով և պատերազմը դադարեցնելու երկարաժամկետ ռազմավարության շուրջ հիմնարար տարաձայնություններով: Ամենաճնշող գործոնը մնում է Հունգարիան, որը հետևողականորեն օգտագործում է վետոյի իր իրավունքը ԵՄ միասնական գործողություններին խոչընդոտելու համար՝ ձգձգելով առանցքային ֆինանսական օգնությունը, պատժամիջոցների փաթեթները և առաջընթացը ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցություններում: Բացի այդ, ռազմական աջակցության բեռը բաշխվում է անհավասարաչափ. Հյուսիսային և Արևելյան Եվրոպայի պետությունները զգալի ներդրում են ունենում Ուկրաինայի պաշտպանության հարցում, Հարավային որոշ խոշոր երկրներ դժկամությամբ են ավելացնում ռազմական օգնությունը։  Այդ ներքին լարվածությունը աճել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ 2025 թվականի նոյեմբերին ներկայացրած խաղաղության առաջարկով, որը միանշանակ չընդունվեց եվրոպական երկրների կողմից։ Ընդհանուր առմամբ, այն չմերժվեց, սակայն թե՛ Ֆրանսիան, թե՛ Գերմանիան, թե այլ երկրներ հայտնեցին իրենց վերապահումների մասին։ Եվրոպական առաջնորդները չեն կարող կտրականապես մերժել Թրամփի առաջարկը, սակայն կան կարմիր գծեր, որոնք Եվրոպան վճռական է պաշտպանելու։ ԵՄ-ն դեմ է հանդես գալիս ուժի կիրառման միջոցով սահմանների փոփոխության ճանաչմանը, Ուկրաինայի պաշտպանության համար առաջարկվող սահմանափակումներին, դաշինքների անդամակցելու հետ կապված՝  Ուկրաինայի ինքնիշխան իրավունքի չեղարկմանը, ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության չեղարկմանը։ Միևնույն ժամանակ, ամենայն հավանականությամբ, ինչ-որ փուլում եվրոպական երկրները ստիպված կլինեն համաձայնել որոշակի զիջումների, եթե Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը հասնեն լիարժեք համաձայնության։ Չնայած ԵՄ առաջնորդների հաստատակամությանը Ուկրաինային աջակցելու հարցում՝ հասարակությունը մեծամասամբ անտարբեր է, հաճախ՝ տրամադրված է Կիևի դեմ։ Դա արդյունք է ինչպես հանրության հոգնածության, այնպես էլ բազմաթիվ հիբրիդային հարձակումների, ինչը ևս բացասաբար է ազդում Եվրոպայի միասնականության վրա։

Եվրոպայի ռազմավարական վերակողմնորոշումը չի կարող հաջողել առանց պաշտպանական ռազմավարության փոփոխության։ Վերջին երկու տարվա ընթացքում զգալիորեն արագացել է Եվրոպայի վերազինման գործընթացը։ Ինչպես դիտարկեցինք Ֆրանսիայի ու Գերմանիայի հետ կապված առանձին օրինակներով, եվրոպական երկրները սկսել են ռազմական բյուջեների ավելացան, բանակների և սպառազինությունների արդիականացման խոշոր ծրագրեր: ԵՄ-ն ավելի մեծ ուշադրություն է սկսել դարձնել իր պաշտպանական-արդյունաբերական բազայի ամրապնդմանը, համատեղ գնումների խթանմանը, հետազոտությունների իրականացմանը։

Այսպես, 2022 թվականի մարտի 21-ին ԵՄ Խորհուրդն ընդունեց «Անվտանգության և պաշտպանության ռազմավարական կողմնացույց»-ը (A Strategic Compass for Security and Defence), որը ԵՄ պատմության մեջ առաջին համապարփակ ռազմական դոկտրինն է։  Այն պարունակում է մինչև 2030 թվականը ԵՄ անվտանգության և պաշտպանության քաղաքականության վերաբերյալ ընդհանուր ռազմավարական տեսլական և գործողությունների կոնկրետ ծրագիր։ Ռազմավարական կողմնացույցը ԵՄ-ին տեղափոխում է անվտանգության վերաբերյալ վերացական քննարկումներից դեպի ռազմական ներուժի ստեղծում: Դրա անկյունաքարը մինչև 2025 թվականը ԵՄ-ի մինչև 5000 զինված ուժերի Արագ տեղակայման ներուժ ստեղծելու պարտավորությունն էր, որը թույլ կտա ԵՄ-ին վճռականորեն գործել ճգնաժամային իրավիճակներում՝ առանց ապավինելու ՆԱՏՕ-ի կամ ԱՄՆ-ի աջակցությանը: 2025 թվականի մայիսին ԵՄ-ն հայտարարեց, որ Արագ տեղակայման ներուժը պատրաստ է գործել։ 

2023 թվականին արդեն ուժի մեջ է մտել «Եվրոպական պաշտպանական արդյունաբերության ամրապնդում Գնումների մասին ընդհանուր օրենքի միջոցով» (European Defence Industry Reinforcement through common Procurement Act - EDIRPA) փաստաթուղթը, որը 300 միլիոն եվրո բյուջեով գործիք է՝ ուղղված վերացնելու պաշտպանունակության կրիտիկական բացերը։ Դրա միջոցով ԵՄ բյուջեն օգտագործվում է անդամ պետություններին պաշտպանական արտադրանքի համատեղ գնումների խթանման համար: 

2025 թվականին էլ Եվրախորհրդարանը պաշտոնապես հավանություն տվեց Եվրոպական պաշտպանական արդյունաբերության ծրագրին (European Defence Industry Programme- EDIP), որը միջնաժամկետ ծրագիր է ՝1,5 միլիարդ եվրո բյուջեով և մի շարք կանոններ է նախատեսում եվրոպական սպառազինության գնումների և մատակարարման շղթաների վերաբերյալ։

Մեկ այլ կարևոր փաստաթուղթ է «Սպիտակ թուղթը» (Joint White Paper for European Defence – Readiness 2030), որի համաձայն՝ ԵՄ-ն պետք է հասնի լիարժեք պաշտպանության պատրաստության մինչև 2030 թվականը: Այն պարունակում է քաղաքական և ֆինանսական ծրագրերի մանրամասն ռազմավարական շրջանակ, մասնավորապես՝ Եվրոպայի վերազինման ծրագիրը, որը նպատակ ունի մոբիլիզացնել մինչև 800 միլիարդ եվրո:

Խոսելով Եվրոպայի պաշտպանությունից ու անվտանգությունից՝ չենք կարող չհիշատակել ՆԱՏՕ-ն։ Թեև դեռևս վերջնական տվյալները հասանելի չեն, այնուամենայնիվ, հայտարարությունների համաձայն՝ նախատեսվում է, որ 2025 թվականին ԵՄ 23 անդամ պետությունները, որոնք նաև ՆԱՏՕ-ի անդամ են կներդնեն դաշինքի հավաքական պաշտպանության ծախսերի 28%-ից 32%-ը: Կարևոր է անդրադառնալ նաև 2025 հունիսին Հաագայում կայացած ՆԱՏՕ-ի բավական աղմկահարույց գագաթնաժողովին, որի ժամանակ բոլոր անդամ պետությունները համաձայնել են մինչև 2035 թվականը տարեկան իրենց ՀՆԱ-ի 5%-ը հատկացնել ազգային անվտանգության և պաշտպանության հետ կապված ծախսերին։ Կարևոր է նաև նշել, որ ՆԱՏՕ-ի այդ գագաթնաժողովում վերահաստատվեց Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածը այն մասին, որ դաշնակիցներից մեկի վրա հարձակումը համարվում է հարձակում բոլոր դաշնակիցների վրա։ Մի կողմից դա ի ցույց դրեց ՆԱՏՕ-ի միասնականությունը, մյուս կողմից այն վերահաստատելու անհրաժեշտությունն արդեն բացասական ազդակ է։ 

Չնայած նկատվող դրական տեղաշարժերին՝ Եվրոպայի պաշտպանական հատվածը բախվում է բարդ մարտահրավերների: Ամենալուրջ խնդիրը ԵՄ 27 անդամ պետություններ մեջ միասնականության բացակայությունն է, ինչն այդ թվում՝ դանդաղեցնում է որոշումների կայացման գործընթացը։ Վերջնականապես համաձայնեցված չէ նաև սպառազինությունների գնումների քաղաքականությունը, ինչը հանգեցնում է անընդունելի ծախսերի՝ թուլացնելով կոլեկտիվ արդյունաբերական բազան: Բացի այդ, կարևոր որոշումները միաձայն կայացնելու սկզբունքը քաղաքական խոչընդոտներ է ստեղծում, այդ թվում՝ պաշտպանության ու անվտանգության ոլորտի համար, հատկապես՝ արագ արձագանք ենթադրող իրավիճակներում: Եվ իհարկե, եվրոպական պաշտպանությունը դեռևս մեծապես կախված է Միացյալ Նահանգներից՝ սկսած հետախուզական տվյալների ստացումից մինչև միջուկային հովանոց։ Դա նշանակում է, որ գործողությունների իրական անկախությունը դեռևս միայն երկարաժամկետ նպատակ է միայն: 

Հայաստանի համար մի քանի ռազմավարական փոփոխությունների հնարավորություն

Եվրոպական Միության ջանքերը՝ ամրապնդելու իր աշխարհաքաղաքական դերակատարությունը, զարգացնելու սեփական ռազմական ներուժը, ամրապնդելու արտաքին քաղաքական որոշումների ինքնուրույնությունը և վերականգնելու ընդլայնման տեմպերը, կարևոր հնարավորություններ են բացում Հայաստանի առջև: 

Հատկանշական է նաև Եվրամիության շահագրգռվածությունը՝ կայուն կերպով խորացնելու հարաբերությունները Հայաստանի հետ: Այդ մասին է վկայում նաև դեկտեմբերի 2-ին ԵՄ-Հայաստան համագործակցության նոր ռազմավարության ընդունումը և համագործակցությունը ռազմավարական մակարդակի բարձրացնելը: Ուստի Երևանը կարող է դիտարկել մի քանի ռազմավարական տեղաշարժերի հնարավորությունը՝ արագացնելու Հայաստանի ինտեգրմանը ԵՄ հիմնական ռազմավարական առաջնահերթություններին: Պրոակտիվ կերպով համաձայնեցնելով սեփական ազգային շահերը փոփոխվող եվրոպական օրակարգի հետ՝ Հայաստանը ձգտում է ամրապնդել իր ինքնիշխանությունը, շարունակել անվտանգության դիվերսիֆիկացումը և ապահովել երկրի համար կարևոր ներդրումներ պատմական վճռորոշ ժամանակաշրջանում:

1․ Հայաստանը կարող է արագացնել բարեփոխումների գործընթացը՝ հնարավորինս մոտենալով Կոպենհագենի չափանիշներին։ Այս առումով կարևոր է կենտրոնանալ հատկապես այն ոլորտների վրա, որոնք համապատասխանում են ԵՄ նոր առաջնահերթություններին՝ ներքին կայունություն և դիմակայունություն։

2․ Սերտ փոխգործակցություն ծավալել Եվրոպական պաշտպանական հիմնադրամի  և Եվրոպական խաղաղության հիմնադրամի հետ: Հաշվի առնելով ֆինանսավորման հետ կապված պարբերաբար առաջ եկող դժվարությունները՝ փորձել նաև մասնակցություն ունենալ ԵՄ պաշտպանական հետազոտություններին, մշակումներին և փորձի փոխանակմանը։ Կարևոր է նաև աշխատանքներ տանել հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ աջակցության վրա։

3․ Հայաստանի համար կարևոր հնարավորություն է նաև «Global Gateway» նախաձեռնությունը։ Հաշվի առնելով ԵՄ շահագրգռվածությունը՝ կարևոր է աշխատել հաղորդուղիների ապաշրջափակման հարցում, այդ թվում՝ ՀՀ «Խաղաղության խաչմերուկ» նախագծում և TRIPP-ում  եվրոպական ներդրումների ներգրավման ուղղությամբ։

4. Հաշվի առնելով բոլոր ռիսկերը՝ Հայաստանը կարող է դիտարկել «Ռազմավարական կողմնացույցի» շրջանակներում զորավարժությունների և դասընթացների մասնակցությունը, հատկապես՝ Արագ տեղակայման ներուժի հետ կապված: Հատկանշական է, որ Հայաստանն ու ԵՄ-ն արդեն սահմանել են Եվրոպական Միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը։

5․ Հայաստանը կարող է նաև սերտորեն համագործակցել Ֆրանսիայի, Հունաստանի, Գերմանիայի հետ՝ EDIRPA-ի և EDIP կողմից ֆինանսավորվող մատակարարման շղթաներին կամ համատեղ գնումների նախագծերին մասնակցելու հնարավորությունները բացահայտելու համար:

Ներկայումս Եվրոպան հիմնարար ռազմավարական վերակողմնորոշման փուլում է։ Ուկրաինայում տևական հակամարտությամբ, ռազմավարական ինքնավարության անհրաժեշտությամբ և գլոբալ ուժի կենտրոն դառնալու ձգտումից դրդված՝ ԵՄ-ն զգալի քաղաքական կամք և ֆինանսական ռեսուրսներ է ուղղել ինչպես իր սեփական պաշտպանությանը, այնպես էլ հարևանների դիմակայունությանը:

Հայաստանի համար Եվրոպայի այս շրջադարձը կենսական հնարավորություն է, որը կարելի է օգտագործել ԵՄ նոր ճարտարապետության մեջ ընդգրկվելու համար։ Գործելով վճռականորեն և ցուցաբերելով հուսալիություն՝ Հայաստանը կարող է համագործակցությունը վերածել արժեքավոր, կայուն գործընկերության, ինչը կնպաստի երկրի ինքնիշխանության ու կայունության ամրապնդմանը։

Վարդուհի Հարությունյան, միջազգայնագետ

Հոդվածում արտահայտված տեսակետները հեղինակի անձնական կարծիքն են և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության պաշտոնական դիրքորոշման հետ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում