Հայաստան

Հայաստանի և Հունաստանի կառավարությունները բարձր տեխնոլոգիաների զարգացումը համարում են ռազմավարական առաջնահերթություն

3 րոպեի ընթերցում

Հայաստանի և Հունաստանի կառավարությունները բարձր տեխնոլոգիաների զարգացումը համարում են ռազմավարական առաջնահերթություն

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի թվային կառավարման փոխնախարար Խրիստոս Դերմենցոպուլոսին։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են 2024 թ․ դեկտեմբերին հայ-հունական տնտեսական, արդյունաբերական, տեխնիկական և գիտական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրության թվայնացման, նոր տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիայի և գիտության ոլորտում նախատեսված համագործակցության առաջընթացին։ 

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը ՝վկայակոչելով Հունաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրությունը։ 

Ընդգծվել է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հունաստանի թվային կառավարման նախարարության միջև համաձայնեցված է փոխըմբռնման հուշագիր, որը կստորագրվի առաջիկա այցելություններից մեկի ընթացքում։ Կողմերը համաձայնվել են, որ Հայաստանի և Հունաստանի կառավարությունները բարձր տեխնոլոգիաների զարգացումը համարում են ռազմավարական առաջնահերթություն և օրակարգային կարևորություն ունի այդ ուղղությամբ երկկողմ համագործակցության զարգացումը։

Դեսպան Մկրտչյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանը մեծ առաջընթաց է արձանագրում բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում՝ արձանագրելով երկնիշ տնտեսական աճ։ Որպես Հայաստանի բարձր վարկանիշի ցուցիչ է հանդիսանում նաև այն փաստը, որ օրինակ ընդամենը մի քանի շաբաթ առաջ ԱՄՆ-ում գործող արհեստական բանականության ամպային և ենթակառուցվածքային տեխնոլոգիաների Firebird-ընկերությունը ստացել է ԱՄՆ արտահանման թույլատվություն և հայտարարել է Հայաստանում իր առաջին 500 միլիոն դոլարի ներդրման մասին։

Դեսպանը նաև ներկայացրել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կոնցեպտը, որը Հայաստանից արտահանվող բարձր տեխնոլոգիական կրթության միջազգայնորեն հաջողված բրենդ է և արդեն աշխարհի մի շարք մեծ և փոքր քաղաքներում է գործում։ 

«Հունաստանի թվային կառավարման փոխնախարար Խրիստոս Դերմենցոպուլոսը մեծ հետաքրքրությամբ արձանագրեց Հայաստանի հետ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցություն ծավալելու առաջարկություններին և խոստացավ առաջիկայում հավելյալ քննարկումներ կազմակերպել այդ առնչությամբ։ Հանդիպմանը ներկա էր Հունաստանի թվային կառավարման նախարարի դիվանագիտական խորհրդական Ալեքսանդրոս Բուդուրիսը, ով բարձր գնահատեց DEFEA 2025 ի ցուցահանդեսին հայկական պատվիրակության և հայկական ընկերությունների մասնակցությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում