Քաղաքականություն

Հավակնում եմ լինել վարչապետի թեկնածու․ Փաշինյանը՝ 2026-ի խորհրդարանական ընտրությունների մասին

2 րոպեի ընթերցում

Հավակնում եմ լինել վարչապետի թեկնածու․ Փաշինյանը՝ 2026-ի խորհրդարանական ընտրությունների մասին

Հայաստանի Հանրապետության վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը հավակնում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում գլխավորել ՔՊ կուսակցության ընտրական ցուցակը և լինել վարչապետ թեկնածու: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե ինչ սկզբունքով է ձևավորվելու կուսակցության նախընտրական ցուցակը՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ 

«Մեր քաղաքական գործունեությունը իմ անձով չէ պայմանավորված: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ժողովրդավարական կուսակցություն է, որի իրականացրած ընտրական գործընթացները տեղի են ունենում բաց, թափանցիկ, և այնտեղ որոշումները կայացվում են կոլեգիալ: Ես կուսակցության վարչության նախագահն եմ, որի ձայնը, կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով, ունի վճռորոշ նշանակություն, բայց դա չի նշանակում, որ այդ հարցերը լուծվում են անձնական հարթության վրա, այդ բոլոր հարցերը կան, բայց այդ հարցերը վերաբերում են կուսակցությանը, դա անձի մասին չէ: Կուսակցությունն ինքն է տալիս այդ հարցերի պատասխանն իր կազմակերպչական, քաղաքական գործընթացներով: Ես էլ եմ որպես պատգամավորի թեկնածու նույն տրամաբանության մեջ այդ ցուցակում ընդգրկվելու և հավակնում եմ նաև լինել վարչապետի թեկնածու: Ցուցակի ձևավորման գործընթացն այդ բոլոր հարցերի պատասխանները կտա»,- նշեց վարչապետը: 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարել է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու նպատակով թեկնածուները կարող են ինքնաառաջադրվել 2025 թվականի նոյեմբերի 1-ից 30-ը ներառյալ: 

Կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու նպատակով ինքնաառաջադրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, նախարարներ, պատգամավորներ և այլ պաշտոնյաներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում