ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը WISE12 միջազգային կրթական գագաթնաժողովում ներկայացրել է հանրակրթության բարեփոխումները

4 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացված WISE12 միջազգային կրթական գագաթնաժողովին, որը նվիրված էր ժամանակակից կրթական մարտահրավերներին, նորարարական լուծումներին և գլոբալ համագործակցությանը։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ գագաթնաժողովում նախարարի տեղակալը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով ՀՀ կրթական քաղաքականության առաջնահերթությունները, բարեփոխումների ընթացքը և ձեռքբերումները՝ ուղղված հավասար, որակյալ և մատչելի կրթության ապահովմանը։

Ուշադրություն հավասար և ներառական կրթությանը

Արաքսիա Սվաջյանը նշել է, որ ժամանակակից կրթական համակարգի հաջողության հիմնասյունը յուրաքանչյուր սովորողի համար հավասար հնարավորությունների ստեղծումն է:

«Ժամանակակից արդյունավետ կրթական համակարգը ենթադրում է յուրաքանչյուր սովորողի համար հավասար, որակյալ և ներառական կրթության ապահովում։ ՀՀ-ում այս նպատակին հասնելու համար իրականացվում են լայնածավալ ծրագրեր՝ կրթական ենթակառուցվածքների բարելավումից մինչև ԲՏՃՄ լաբորատորիաների ստեղծում»,- ընդգծել է նա։

Նախարարի տեղակալը շեշտել է, որ ներառական կրթության քաղաքականության շրջանակում կարևորվում է ոչ միայն առանձնահատուկ կրթական պայմանների կարիք ունեցող, այլև օժտված երեխաների կրթական հասանելիությունը՝ ստեղծելով զարգացող և խթանող կրթական միջավայր բոլորի համար։

Արհեստական բանականության (ԱԲ) և տեխնոլոգիական կրթության զարգացում

Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է տեխնոլոգիական կրթության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով ԱԲ-ի ուսուցման կարևորությունը. «Տեխնոլոգիական կրթությունը և 21-րդ դարի հմտությունների զարգացումը հանդիսանում են ապագա մրցունակ քաղաքացու ձևավորման հիմնական գործիքներ։ Հայաստանի դպրոցներում գործում են տեխնոլոգիական կրթության բազմաթիվ ծրագրեր՝ Արմաթ լաբորատորիաներից մինչև ավագ դպրոցներում ԱԲ ուսուցում։ Մեր աշակերտներն արդեն հասել են կարևոր հաջողությունների, այդ թվում՝ Պեկինում անցկացված ԱԲ միջազգային դպրոցական օլիմպիադայում զբաղեցնելով պատվավոր 3-րդ տեղը»։

Նա նշել է, որ ԱԲ-ի ներդրումը կրթական համակարգում անխուսափելի է, և ներկայում իրականացվում են աշխատանքներ՝ համապատասխան կրթական լուծումներ և գործիքակազմեր մշակելու ուղղությամբ։

Ֆինանսավորման նոր մոդել

Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև վերջին երեք տարում ներդրված ֆինանսավորման նոր մեխանիզմը՝ երեխաների թվով ֆինանսավորումից անցում կատարելով դասարանների թվով ֆինանսավորման։ Այս փոփոխությունը, Արաքսիա Սվաջյանի խոսքով, զգալիորեն նպաստել է փոքրաքանակ դպրոցների կայուն գործունեությանը՝ հնարավորություն տալով ապահովել բավարար ռեսուրսներ, մասնագետներ և որակյալ ուսուցման միջավայր։

Դպրոցական սնուցում և առողջություն

Արաքսիա Սվաջյանն առանձնահատուկ կարևորել է կրթության, առողջության և սնուցման փոխկապակցվածությունը՝ ընդգծելով, որ ոչ պատշաճ սնուցումը կարող է ազդել երեխաների առաջադիմության վրա։ Նա նշել է, որ արդեն այսօր մարզային բոլոր դպրոցների տարրական դասարաններում գործարկված է տաք սննդի ծրագիրը, որը կընդլայնվի՝ ընդգրկելով նաև մայրաքաղաք Երևանը։

Խորացված ուսուցում և ավագ դպրոցի զարգացում

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ավագ դպրոցների բարեփոխումներին` նշելով, որ խորացված և ճկուն ուսուցման ծրագրերը հնարավորություն են տալիս աշակերտներին առավել նպատակային պատրաստվել բուհական ընդունելության քննություններին։ Նա կարևորել է նաև ավագ դպրոցում կրեդիտային համակարգի ներդրման բարեփոխումը և այդ ուղղությամբ ընթացող լայնածավալ նախապատրաստական աշխատանքները, որոնք հետագա տարիներին ունենալու են էական ազդեցություն ավագ դպրոցների դերի և նշանակության բարձրացման առումով:

Հայերեն العربية

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին