Հայաստան

Քննարկվել են անտառների վերականգնման, պաշտպանության նոր իրավական մոտեցումներ. ԲԸՏՄ

2 րոպեի ընթերցում

Քննարկվել են անտառների վերականգնման, պաշտպանության նոր իրավական մոտեցումներ. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը մասնակցել է Հայաստանի անտառային դաշինքի կողմից կազմակերպված «Իրավական դաշտի բարելավում՝ Հայաստանում անտառապատման նոր մոտեցում ձևավորելու համար» կլոր սեղանին։

Ինչպես «Արմենպրես»–ը տեղեկանում է ԲԸՏՄ–ի տարածած հաղորդագրությունից, ելույթի ընթացքում Մարտիրոսյանն անդրադարձել է Հայաստանում անտառների վերականգնման և պաշտպանության ջանքերի գլխավոր մարտահրավերներին, այդ թվում՝ անտառների ու բնակավարերի համար վտանգ հանդիսացող ներկայումս մի քանի մարզերում միաժամանակ բռնկված հրդեհներին։

Կարևորելով հրդեհները հնարավորինս արագ մեկուսացնելու պատկան մարմինների շուրջօրյա ջանքերը՝ Տեսչական մարմնի ղեկավարն ընդգծել է հրդեհների կանխարգելման և կառավարման համակարգերում փոփոխությունների անհրաժեշտությունը։

Մարտիրոսյանը ներկայացրել է բուսածածկույթի, տերևաթափից առաջացած թափոնների այրումների հետևանքներն ու ազդեցությունները, նաև Տեսչական մարմնի կողմից կիրառվող վարչական պատասխանատվության միջոցների վիճակագրական տվյալներ։

Ելույթներով հանդես են եկել նաև Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Անդրեա Բաումանը, հիմնադրամների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Միջոցառման նպատակն է պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, հասարակական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների փորձի ու գաղափարների միավորումը՝ Հայաստանում անտառվերականգնման ջանքերի բարելավման հնարավոր ուղիների շուրջ։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում